Խորվաթիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի 8-րդ տուրում հյուրընկալվեց Ուելսի թիմին և անակնկալ պարտություն կրեց 1-2 հաշվով:
Քարդիֆում կայացած խաղում Ուելսի հավաքականին հաղթանակ պարգևեց Հարի Ուիլսոնի դուբլը: Խորվաթների միակ գոլը խփեց Մարիո Պաշալիչը:
Նույն խմբում Թուրքիայի հավաքականը տնային խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեց օրեր առաջ Հայաստանի հավաքականին հաղթած Լատվիայի թիմի դարպասը:
Թուրքերը գլխավորում են աղյուսակը 16 միավորով և ապահովել են Եվրո-2024-ի ուղեգիրը: Մեկ խաղ քիչ անցկացրած Ուելսի ու Խորվաթիայի հավաքականները 10-ական միավորով համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղում են: Հայաստանի հավաքականը, որը նույնպես 6 հանդիպում է անցկացրել, 7 միավորով 4-րդն է: 7 խաղ անցկացրած Լատվիայի թիմը 3 միավորով եզրափակում է աղյուսակը:
Երկրորդ ուղեգրի համար պայքարը կշարունակեն Ուելսի, Խորվաթիայի ու Հայաստանի հավաքականները: Պետրակովի գլխավորած թիմը նոյեմբերին տնային հանդիպում կանցկացնի Ուելսի և արտագնա խաղ՝ Խորվաթիայի թիմի հետ:
A խմբում Իսպանիայի հավաքականն արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթեց նորվեգացիներին: Միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին:
Իսպանիայի հավաքականը միավորների քանակը հասցրեց 15-ի և գլխավորում է խումբը: Երկրորդ տեղում Շոտլանդիայի թիմն է, որը նույնպես վաստակել է 15 միավոր: Երկու հավաքականներն էլ ապահովել են Եվրո-2024-ի ուղեգիր:
Եվրո-2024, ընտրական մրցաշարի D խումբ
Ուելս - Խորվաթիա՝ 2-1 (տեսանյութ)
Հարի Ուիլսոն, 47, 60 - Մարիո Պաշալիչ, 75
Թուրքիա - Լատվիա՝ 4-0 (տեսանյութ)
Յունուս Աքգյուն, 58, Ջենք Թոսուն, 83, 90+2, Քերեմ Աքթյուրքօղլու, 87
A խումբ
Նորվեգիա - Իսպանիա՝ 0-1 (տեսանյութ)
Գավի, 49