Logo

Խորեն Հովհաննիսյանը՝ «Փյունիկի» մասին. «Ամենից առաջ իրենք իրենց պետք է մեղադրեն»

18:37 / 14.12.2023Ֆուտբոլ
null

Հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակի և առաջիկա անելիքների մասին VNews-ի թղթակցի հետ զրուցել է «Անի» ՖԱ-ի հիմնադիր, հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը:

-Տարին ավարտվում է, ու կարելի է ամփոփել 2023 թվականը հայկական ֆուտբոլում. ինչպիսի՞ տարի էր:

-Ազգային հավաքականի հետ կապված ասեմ, որ մենք մեծ սպասելիքներ ունեինք: Ունեցանք թե՛ լավ և թե՛ վատ հանդիպումներ. ֆուտբոլում ամեն ինչ պատահում է: Գլխավոր մարզիչն իր վրա վերցրեց պատասխանատվությունը, մեծ աշխատանք կատարվեց: Նոր թիմ ստեղծվեց, որի համար ժամանակ էր հարկավոր: Մենք ուշադրություն չդարձրեցինք պատանեկան հավաքականներին, և դա իհարկե բացթողում էր, որը պետք է ուղղել հետագայում:   

-Դուք հիմա ունեք ակումբ՝ «Անին». փաստացի ուղղակի կապ ունեք հայկական ակումբային ու մանկապատանեկան ֆուտբոլի հետ։

-Նախ՝ պատմեմ «Անի» ակումբի գրանցման ու ստեղծման նախապատմությունը։ «Անի» ակումբի անունը շոշափվեց նաև Արթուր Սողոմոնյանի ասուլիսի ընթացքում: Նշեմ, որ մենք՝ ես և Արթուր Սողոմոնյանը, եղել ենք ընկերներ ու կանք, սակայն մենք հիմա արդեն տարբեր մոտեցումներ ունենք, երբ խոսքը գնում է ֆուտբոլային գործունեության մասին։ Ակումբի ստեղծման հարցում ես նրա հետ էի, սակայն ինչ-որ պահի որոշում կայացրինք առանձնանալ, քանի որ միտք կար նոր ակումբ ստեղծելու։ Գրանցեցինք «Անի» ակումբը, և ես ստանձնեցի նախաձեռնությունը, ու նա պետք է օգներ մնացյալ հարցերում։ Հավաքեցինք խաղացողներ ու մի քանի խաղ խաղացինք, հետո ինչ-որ բան տեղի ունեցավ, ու մենք բաժանվեցինք։ Դրա հետ մեկտեղ եղավ այդ խնդրահարույց տարին՝ կորոնավիրուս, պատերազմ։ Ստեղծված իրավիճակում, երբ դժվար էր իրավիճակն ամբողջ աշխարհում և հայկական ֆուտբոլում, որոշում կայացրինք «Անիի» գործունեությունը ժամանակավորապես դադարեցնել։ Հիմա մենք արդեն սեփական խաղադաշտն ու պայմաններն ունենք, որոնց համար շնորհակալ եմ ՀՖՖ-ին, կառավարությանը։ Կա ու գործում է այս պահին իմ անունով ակադեմիա, իսկ «Անի» ակումբը կարող է նորմալ գործունեություն կազմակերպել։ Արթուր Սողոմոնյանը չի կարող ու իրավունք չունի նման պայմաններում գալ ու ասել՝ ինչ-որ «անհայտ Անի ակումբ»։ Նա լավ էլ գիտի, թե ինչպես է «Անին» ստեղծվել։

-Ի՞նչ նպատակներ ունի «Անին», և ի՞նչ կարող է ակումբը տալ հայկական ֆուտբոլին:

-Ես սահմանել եմ մեկ նպատակ ու պարզ ասում եմ՝ մենք պետք է գալիք 5-6 տարիների ընթացքում տանք կադրեր, որոնք կխաղան Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում։ Մեր սաները՝ ազգային ընտրանու կազմում. ահա դա է նպատակը։ Արդեն հիմա, երբ «Անի» ֆուտբոլային ակումբն իր մինիմալ պայմաններն ունի, հավաքել ենք 6-12 տարեկան 400 երեխա։ Այդքան երեխա է մարզվում «Անիում», ու դա այն դեպքում, երբ կա արհեստական խոտածածկով մեկ մարզադաշտ:

-Հայկական ֆուտբոլում տարաբնույթ խոսակցությունների պակաս չկա, ու դրանց, ցավոք, մասնակից է Հայաստանի ռեկորդակիր չեմպիոնը…

-Ամենից առաջ իրենք իրենց պետք է մեղադրեն։ Մեղադրում են, որ տեղացի կադրեր չկա՞ն, իսկ իրենք հարց տալի՞ս են, թե ինչո՛ւ է այդպես։ Մինչև հայ ֆուտբոլիստների լիմիտի սահմանումը, 11 ֆուտբոլիստից 10-ն օտարազգիներ էին։ Որտեղի՞ց պետք է հավաքականը, տարբեր տարիքային հավաքականներն այդ դեպքում ֆուտբոլիստներ վերցնեն։ Մի՞թե այդ հարցը պետք է հավաքականը լուծի։ Հավաքական հրավիրվում են ակումբների ֆուտբոլիստներ, իսկ իրենք իրենց սաներին 16 տարեկանից հետո շանս չեն տալիս։ Այդ դեպքում ի՞նչ անի այդ ֆուտբոլիստը, ո՞նց կարող է ֆուտբոլիստը պրոֆեսիոնալ դառնալ, եթե լուրջ մակարդակում խաղալու շանս չի ստանում։ Միայն մի քանիսն են, որ կարողանում են իրենց անձնական նախաձեռնությունների շնորհիվ ինչ-որ շանս ստանալ Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս։ Խաղադաշտի մասով էլ մեկ բան ընդգծեմ. ֆեդերացիան կազմակերպչական ֆունկցիաներ ունի, այլ ոչ թե ակումբներին դաշտեր բաժանելու։ Ինքը՝ Արթուր Սողոմոնյանը, որն այսքան ժամանակ՝ գրեթե 6 տարի, ակումբի սեփականատերն է, ի՞նչ է արել այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։ Ոչի՛նչ։ Ես ևս անհամաձայնություններ ունեմ ՀՖՖ-ի հետ. օրինակ՝ կարծում եմ, որ ակումբների գլխավոր թիմերում հայերի ու լեգեոներների լիմիտը պետք է լինի հավասար։ Տեսնենք, թե այդ դեպքում ի՜նչ են անելու։ Այո՛, հնարավոր է՝ առաջնության ընդհանուր մակարդակը փոքր-ինչ տուժի, բայց վերջիվերջո միայն նման դեպքերում հայ տղաները ևս շանս կստանան լուրջ մակարդակում իրենց կարողությունները ցուցադրելու։

-Բայցև նման պայմաններում «Փյունիկը» վերջին տարիներին ունի հաջողություններ։

-Այո՛, ունի, բայց դա ի՞նչ է տալիս հայկական ֆուտբոլին։ Եթե իրենք շեշտադրում են, որ Հայաստանի հավաքականն արդյունք չունի, տարբեր տարիքային հավաքականները հաջողություններ չունեն, այդ ամենը գալիս է նույն խնդրից, որի հիմքում հենց ակումբներն են, ոչ թե ֆեդերացիան։ Մեծ գումարներ ծախսելով դրսից եկած ֆուտբոլիստների վրա՝ նրանք ինչպե՞ս կարող են նման հարց բարձրացնել։ Միայն գումարներ աշխատելու մասին մտածելով՝ նրանք բարձրացնում են այլ հարցեր։ Էլ չեմ խոսում այն մասին, թե ինչպես է նա ձեռք բերել այդ ակումբը։ Տարիներ առաջ հենց ես էի այդ ակադեմիան ղեկավարում, իսկ հետո եկավ Ռուբեն Հայրապետյանն ու սեփականաշնորհեց այն։ Ես մնացի առանց ակադեմիայի ու պայմանների։ Նա էլ եկավ ու գնեց ակումբը՝ դառնալով «Փյունիկի» սեփականատերը՝ հաշվի չառնելով, թե ինչպես եմ ես տուժել այդ ընթացքում: Իսկ ես իմ ներդրումն ունեմ այդ ակումբի ստեղծման ու այդ ակադեմիայի աշխատանքի գործում։ Հիմա նրա ձեռք բերած ակումբում օտարազգի ֆուտբոլիստները բացարձակ մեծամասնություն են կազմում. ի՞նչ իրավունք ունի բարձրացնելու նման հարցեր։

-Նման պատմությունների արդյունքում «Փյունիկը» սպառնում է չմասնակցել Հայաստանի առաջնություններին, եթե նոր նախագահ չընտրվի։ Իր հերթին, ՀՖՖ նախագահի թեկնածուների թվում է նաև Արաս Օզբիլիսը։

-Այդ տղայի համար ես ցավում եմ։ Այո՛, նա տաղանդավոր ֆուտբոլիստ է, լուրջ ներդրում ունի, բայց ժամանակը չէ։ Իսկ Արասին առաջ տանողները վկայակոչում են կառավարությանը, վարչապետին, այս ամենը դարձնում քաղաքական հարց։ Այս ամենի իմաստը ո՞րն է։ Փաստացի տղան փորձ չունի։ Նա գոնե մի քանի տարվա կառավարչական փորձ պետք է ունենա, քանի որ մի բան է լավ ֆուտբոլ խաղալը, մեկ այլ բան կառավարման որակներ ունենալը։ Նրանք ուզում են անփորձ մարդու բերել ու իրենց ցանկություններն առաջ տանել: Ահա թե որն է նրանց իսկական նպատակը։    

-Չնայած հարցազրույցում արծարծվող խնդիրներին՝ չմոռանանք, որ շուտով Նոր տարի է. պարո՛ն Հովհաննիսյան, Դուք՝ որպես հայկական ֆուտբոլի ակունքներում կանգնած մարդ, ամանորյա ի՞նչ մաղթանք ունեք:

-Ցանկանում եմ, որ հնարավորինս շուտ այս խոսակցություններն ավարտվեն, և բոլորովս միասին կենտրոնանանք հայկական ֆուտբոլի վրա, և իմ ընկերների, գործընկերների՝ Ջիվան Չելոյանցի ու Արթուր Սողոմոնյանի հետ միասին բարձրացնենք հայկական ֆուտբոլը՝ մեր ակումբներով: Իսկ մնացածը ֆեդերացիայի հարցն է, և եթե լինում են սխալներ, ապա դրանք, բնականաբար, կուղղվեն:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 23-ին։ Առաջադրվել է երկու թեկնածու՝ Արաս Օզբիլիսը և ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Արթուր Սողոմոնյան. «Եթե Արմեն Մելիքբեկյանը մնա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կդադարի Հայաստանի առաջնությանը մասնակցելուց»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա