Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նշել է Եվրո-2024-ի գլխավոր ֆավորիտին։
«Դիտելով Իսպանիայի խաղը` կարող եմ ասել, որ նրանք գերազանցում են բոլորին։ Մենք, բառիս բուն իմաստով, ունենք թիմ, որը համակարգված է և ունի ինչպես ֆիզիկական, այնպես էլ անհատական հիանալի որակներ։
Իսպանիայի հավաքականն ունի այնպիսի խաղացողներ, որոնք կարող են վճռել հանդիպման ելքը։ Մյուս հավաքականները նման ֆուտբոլիստներ չունեն։ Մեր առավելություններից մեկն էլ այն է, որ բոլոր 26 ֆուտբոլիստները որակապես հավասար են։ Դա մեզ դարձնում է ֆավորիտ և մեծ վստահություն հաղորդում։ Ֆրանսիան, Գերմանիան կամ Պորտուգալիան ավելի շատ աչքի են ընկնում իրենց անուններով, քան այն ներուժով, որ իրականում ցույց են տալիս որպես ազգային հավաքական»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ հուլիսի 5-ին մրցելու է մրցաշարի տանտեր Գերմանիայի թիմի դեմ։
Խոակին Կապառոսը 2020-2022 թ. մարզել է Հայաստանի հավաքականը։ Իսպանացի մասնագետի գլխավորությամբ ազգային թիմը 26 խաղում տարել է 8 հաղթանակ, գրանցել 6 ոչ-ոքի ու կրել 12 պարտություն։


