Logo

Խմբային փուլում տնային առաջին պարտությունը ճակատագրական էր. «Փյունիկ» - «Բազել» հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:06 / 04.11.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Փյունիկին» չհաջողվեց հաղթահարել Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի արգելքը: Վերջին՝ 6-րդ տուրում Երևանում 1-2 հաշվով պարտվելով Շվեյցարիայի 20-ակի չեմպիոն «Բազելին»՝ «Փյունիկը» H խմբում վաստակած 6 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղն ու ավարտեց ելույթները եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում:

VNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում «Փյունիկը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Խմբային մրցաշարի երևանյան հանդիպումներում «Փյունիկն» առաջին անգամ խաղադաշտից պարտված հեռացավ: Հիշեցնենք, որ սեփական դաշտում անցկացրած նախորդ 2 խաղերում Հայաստանի գործող չեմպիոնը միևնույն 2-0 հաշվով հաղթել էր Բրատիսլավայի «Սլովանին» և Վիլնյուսի «Ժալգիրիսին»:

2. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Փյունիկը» սեփական դաշտում 3-րդ պարտությունը կրեց: Նախկինում փյունիկցիները Երևանում Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում նվազագույն հաշվով զիջել էին Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին», իսկ 3-րդ փուլում 2 անպատասխան գնդակ էին ընդունել Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայից»:

Սեփական դաշտում անցկացրած մյուս 4 խաղերում «Փյունիկը» 2 հաղթանակ է տարել, նույնքան անգամ գրանցվել է ոչ-ոքի: Հայաստանի չեմպիոնը երևանյան 7 հանդիպումներում ընդամենը 5 գոլ է խփել, սեփական դարպասը բաց է թողել նույնքան գնդակ:

3. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Փյունիկն» իր պատմության մեջ ամենաերկար ճանապարհն անցավ՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 14 խաղ, որոնցից 3-ում հաղթեց, 4-ն ավարտեց ոչ-ոքի, 7-ում պարտվեց, խփեց 14 գոլ, բաց թողեց 20 գնդակ:

4. Եվրագավաթներում «Փյունիկն» անցկացրեց 74-րդ խաղը և կրեց 38-րդ պարտությունը: Փյունիկցիները տոնել են 20 հաղթանակ, 16 խաղ ավարտել են ոչ-ոքի, խփել են 71 գոլ, բաց են թողել 126 գնդակ: Անցկացրած խաղերի, տարած հաղթանակների և խփած գոլերի քանակով «Փյունիկը» ռեկորդակիր է հայկական ակումբների մեջ:

5. «Բազելի» հետ հանդիպումը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական 4 ակումբների մասնակցությամբ անցկացված 20-րդ խաղն էր: Հայկական թիմերը 4 հաղթանակ են տարել, 7-ում գրանցվել է ոչ-ոքի, 9 անգամ էլ պարտվել են, խփել են 18 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 28 գնդակ:

Եվրագավաթների խաղարկություններում հայկական ակումբներն ընդհանուր առմամբ 301 խաղ են անցկացրել, որից 62-ում հաղթել են, 55 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 184 պարտություն, խփել են 235 գոլ, բաց են թողել 556 գնդակ:

6. «Փյունիկի» պարտությունը 9-րդն էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարին մասնակցած հայկական երկու ակումբների անցկացրած 12 հանդիպումներում: Հայկական թիմերը 2 հաղթանակ են տարել, մեկ խաղ ավարտել են ոչ-ոքի, խփել են 12 գոլ, բաց են թողել 24 գնդակ:

Ընդհանուր առմամբ, Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում ելույթ ունեցած հայկական 6 ակումբները միասին անցկացրել են 26 խաղ, որից միայն 5-ում են հաղթել, 6-ն ավարտել են ոչ-ոքի, 16-ում պարտվել են, խփել են 25 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 47 գնդակ:

7. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Փյունիկն» առաջին անգամ մրցեց շվեյցարական «Բազելի» հետ՝ պարտվելով 2 խաղերում էլ (1-3, 1-2): «Բազելը» եվրագավաթներում հայկական ակումբների հետ հանդիպած շվեյցարական 6-րդ թիմն էր: Մինչև այդ, հայկական թիմերի հետ մրցել էին «Լոզանը», «Սերվետը», «Քսամաքսը», «Յանգ Բոյզը» և «Բելինցոնան»:

Հայ-շվեյցարական նախորդ դիմակայությունը տեղի էր ունեցել 2012-13թթ. Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում: «Գանձասար-Կապանը» երկու հանդիպումներում էլ պարտվել էր «Սերվետին»՝ 0-2, 1-3:

8. Հայկական ակումբները շատ անհաջող են խաղացել շվեյցարական թիմերի հետ: Անցկացրած 16 հանդիպումներում չի հաջողվել գեթ մեկ հաղթանակ տոնել: Միակ ոչ-ոքին (1-1) գրանցվել է 2007-08թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում «Բանանցի» և «Յանգ Բոյզի» մրցախաղում: Մնացած 15 հանդիպումներում Հայաստանի ներկայացուցիչները պարտվել են: Հայկական ակումբները խփել են ընդամենը 9 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 44 գնդակ:

9. Լուկա Յուրիչիչը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 3-րդ գոլը խփեց և Յուսուֆ Օտուբանջոյի հետ դարձավ թիմի լավագույն ռմբարկուն: Նախորդ երկու գոլերը Յուրիչիչը խփել էր Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում հյուրընկալվելիս Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ կայացած խաղում՝ դառնալով դուբլի հեղինակ: «Փյունիկի» կազմում 2-ական գոլ են խփել Զորան Գայիչը, Արտակ Դաշյանն ու Ժունինյոն:

Յուրիչիչն ու Օտուբանջոն կրկնեցին եվրագավաթների մեկ խաղարկությունում խփած գոլերի քանակով «Փյունիկի» ռեկորդակիրներ Արսեն Ավետիսյանի (1996-97թթ., ՈՒԳ), Արման Քարամյանի (2002-03թթ., ՉԼ), Վիուլեն Այվազյանի (2013-14թթ., ԵԼ) և Արթուր Միրանյանի (2019-20թթ., ԵԼ) ցուցանիշը:

10. Արտակ Դաշյանը «Փյունիկի» միակ ֆուտբոլիստն էր, որ առանց փոխարինման մասնակցեց եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում թիմի անցկացրած բոլոր՝ 14 հանդիպումներին:

Ընդհանուր առմամբ, Դաշյանը եվրագավաթների մրցաշարերում 33 խաղ է անցկացրել: Այդ ցուցանիշով Դաշյանը 4-րդն է: Ավելի շատ խաղերի մասնակցել են միայն ալաշկերտցիներ Արտակ Գրիգորյանը (44), Տարոն Ոսկանյանն (38) ու Արտակ Եդիգարյանը (36):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ