«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում ԲԿՄԱ-ից կրած պարտությունից (0-1) հետո խոսել է ակումբի խնդիրների մասին։
«Կարծում եմ` երկկողմանի դիտարժան հանդիպում էր։ Մենք շատ շուտ կարմիր քարտ ստացանք, որն ազդեց մեր խաղի որակի, միգուցե, նաև խաղի ելքի վրա։
Գոհ եմ թիմի կատարած մեծ ծավալի աշխատանքից, բայց մենք որակի խնդիր ունենք։ Ես վերջերս նշել եմ, որ մեզ ժամանակ է հարկավոր ամեն ինչի համար։ Ամեն դեպքում, կփորձենք մինչև ձմեռ մի փոքր շտկումներ անել, բայց կարող եմ վստահ ասել, որ այսքանից ավելի այս պահին չենք կարող անել։ Այսօրվա դրությամբ սա մեր առավելագույնն է։ Եթե ուզում ենք ավելի արդյունավետ ու որակյալ ֆուտբոլ խաղալ, ձմեռային դադարին պետք է մեծ փոփոխություններ կատարենք։
Արդեն նշեցի, որ մեր առավելագույնն ենք անում դաշտում։ Որակական աճ չենք կարող ապահովել։ Մենք կարող ենք խաղալ կազմակերպված և կարգապահ, մեծ ծավալի աշխատանք տանել, բայց որակն այլ գործոն է։ Մենք խաղային բոլոր դիրքերում խնդիրներ ունենք։ Թիմում ունենք 6 հարձակվող, որոնք 10 խաղի ընթացքում ընդամենը մեկ գոլ են խփել միասին։ Մեզ մեծ փոփոխություններ են անհրաժեշտ»,- ասել է 56-ամյա մասնագետը։
Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» Հայաստանի ընթացիկ առաջնությունում 9 խաղից հետո վաստակել է 6 միավոր և զբաղեցնում է 9-րդ տեղը։ Խաշմանյանի թիմը չի հաղթել 6 խաղ անընդմեջ։


