Logo

Խամեսը պատմել է` ինչու է «Փյունիկը» երկու օր անց խզել պայմանագիրը. ակումբի պարզաբանումը

21:21 / 22.06.2025• Ֆուտբոլ
null

Բրազիլացի պաշտպան Խամես Սանթոսը պատմել է, թե ինչու է հեռացել «Փյունիկից» ակումբի հետ պայմանագիր կնքելուց երկու օր անց.

«Առաջին մարզումը «Փյունիկում» անցկացրի այնպես, ինչպես մյուս բոլոր խաղացողները, բայց հետո պայմանագիրը խզեցին փոքրիկ բորբոքման պատճառով: Ես առողջական ոչ մի խնդիր չունեմ:

Եղիշե Մելիքյանը շատ էր ցանկանում` մնամ թիմում, քանի որ խաղս մարզչին դուր է գալիս: Ամբողջ խնդիրը Կիմ Առաքելյանի հետ էր: Ես երբեք նրան դուր չեմ եկել: Մելիքյանը պայքարել է` ինձ թիմ վերադարձնելու համար, իսկ ես զրուցեցի Կիմի հետ: Նա ասաց, որ ոչինչ պետք չէ անել, և որ ինքն է ակումբում գլխավորը: Նա ինձ խոստացավ տոմս գնել` Բրազիլիա մեկնելու համար:

Մինչև տրանսֆերը ես միայն Մելիքյանի հետ եմ շփվել: Թիմում ոչ ոք չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ: Բոլոր տղաները գիտեն, որ ես կարող եմ օգուտ տալ թիմին: Այժմ չգիտեմ՝ ինչ կլինի առաջիկայում: Գործակալս զբաղվում է բոլոր հարցերով»,- Խամեսի խոսքը մեջբերում է «Ֆասթ Մեդիա»-ի սպորտային մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը` հղում անելով Metaratings-ի լրագրող Նորիկ Սերոբյանին։ Վերջինը հեռացրել է հրապարակումը սոցցանցերից։

«Փյունիկի» հայտարարությունը.

«Ջեյմս Սանթոսի տեղափոխությունը «Փյունիկ» ՖԱ չի կայացել, քանի որ բժշկական հետազոտության արդյունքները չեն համապատասխանել ակումբի բժշկական անձնակազմի կողմից ակնկալվող արդյունքներին։

Հարկ ենք համարում ընդգծել, որ ակումբում բոլոր որոշումները կայացվում են մասնագիտական սկզբունքներով՝ թիմի ընդհանուր շահերից ելնելով։

Մաղթում ենք Ջեյմս Սանթոսին հաջողություն հետագա կարիերայում»:

Հիշեցնենք` հունիսի 19-ին «Փյունիկը» հայտարարեց Սանթոսի` ակումբ վերադառնալու մասին, սակայն կողմերը երկու օր անց խզել էին պայմանագիրը։

30-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկում» հանդես է եկել 2023-2025թթ., 72 խաղում խփել 8 գոլ, կատարել 9 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ