Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը սոցցանցերում հրապարակում է արել և հայտնել, որ վնասվածք է ստացել։
«Խառը զգացողություններ ունեմ։ Նախորդ շաբաթներին հիանալի եմ հանդես եկել և հաճույք ստացել խաղից։ Ցավալի է ամեն ինչ ավարտել նման կերպ։
Գիտեմ, որ վնասվածքները սպորտի մի մասն են ու ոչինչ չես կարող անել։ Կարող եմ միայն ասել, որ փորձել եմ պայքարել մինչև վերջ։ Բուժզննում եմ անցել. աջ ոտքս երկու տեղից հյուսվածնքների երկրորդ աստիճանի ձգվածություն է ստացել, ուստի եկել է հանգստի և ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու պահը նախքան կսկսի միջմրցաշրջանային հատվածը։ Շնորհակալ եմ բոլորին` աջակցության համար»,- գրել է Խաչանովը։
Հիշեցնենք, որ Խաչանովն անցնող շաբաթներին նվաճել էր ATP-250 շարքի մրցաշարի տիտղոսը , հասել Վիեննայի ATP-500 շարքի եզրափակիչ, իսկ Փարիզի «Մասթերսում» պայքարն ավարտել կիսաեզրափակիչում։ Նոյեմբերի 4-ին ATP-ի դասակարգման թարմացված աղյուսակում 28-ամյա թենիսիստը բարելավել է դիրքը երկու կետով ու բարձրացել 19-րդ տեղ։