Logo

Խաչանովն անհաջող վերադարձից հետո դիմել է երկրպագուներին

21:22 / 04.09.2023Թենիս
Կարեն Խաչանով-8

Օլիպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկնաբանել է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում անհաջող ելույթը: US Open-ի նախորդ տարվա կիսաեզրափակիչի մասնակիցն առաջին շրջանում 2:6, 4:6, 2:6 հաշվով պարտվել էր ամերիկացի Մայքլ Մմոյին:

«Շնորհակալ եմ US Open-ին և հրաշալի երկրպագուներին, որ «Մեծ սաղավարտի» այս մրցաշարը սիրելի դարձրին ինձ համար: Այս տարի ես այլ զգացողություններ ունեի: 3 ամսվա բացակայությունից հետո որոշում կայացրի վերադառնալ մեծ կորտ և նորից զգալ այդ էներգիան: Շատ էի ցանկանում խաղալ այստեղ: Ցավոք, ժամանակի սղության պատճառով չկարողացա նորմալ նախապատրաստվել: Գիտեմ, որ նույնիսկ մոտ չեմ իմ լավագույն մարզավիճակին, դրա համար ժամանակ է հարկավոր:

Ես նորից կխորհրդակցեմ բժիշկներիս հետ, որպեսզի համոզված լինեմ, որ 100 տոկոսով առողջ եմ: Դրանից հետո կշարունակեմ նախապատրաստվել ասիական մրցաշարերին, քրտնաջան կաշխատեմ, որպեսզի հնարավորինս արագ մարզավիճակ հավաքեմ: Այժմ ավելի շատ ձեր աջակցության կարիքն ունեմ: Մինչև նոր հանդիպում»,- սոցցանցերում գրել է Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովը տևական ժամանակ կորտից բացակայում էր «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար «Ռոլան Գարոսում» ստացած վնասվածքի պատճառով։ Նա չէր մասնակցել նաև «Ուիմբլդոնին» ու բաց էր թողել մի քանի մրցաշար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա