Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (18-րդ ռակետ) խոսել է Ֆրանսիայի բաց առաջնության` «Ռոլան Գարոսի» երկրորդ փուլում կրած անակնկալ պարտության մասին.
«Որևէ բացատրություն չունեմ կատարվածին։ Հինգսեթանոց խաղում առաջին անգամ եմ պարտվում 2-0 հաշվով հաղթելու ժամանակ։ Դեռ ի վիճակի չեմ վերլուծել կատարվածը, քանի որ հիասթափված եմ։
«Ռոլան Գարոսն» իմ ամենասիրելի մրցաշարերից մեկն է, որտեղ տարեց տարի ավելի կայուն էի հանդես գալիս։ Իրոք, չգիտեմ` ինչ ասեմ։ Մտքերս խառնվել են։ Գլխումս խառնաշփոթ է։ Տհաճ է, երբ վերահսկում ես նման մրցախաղի ընթացքն ու վերջում պարտվում ես»,- մեջբերում է Championat.com-ը։
Հիշեցնենք, որ 28-ամյա թենիսիստը Յոզեֆ Կովալիկի (Սլովակիա, 145-րդ ռակետ) դեմ մրցախաղում 6-4, 6-4 հաշվով հաղթել էր առաջին երկու սեթը, սակայն հետագայում մրցակցին զիջեց 4-6, 3-6, 4-6 հաշվով` լքելով «Ռոլան Գարոսի» պայքարը։ Կովալիկը երրորդ փուլում մրցելու է աշխարհի 13-րդ ռակետ Հոլգեր Ռունեի (Դանիա) դեմ։