Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն Պրեմիեր լիգայում կատարած գոլային փոխանցումների քանակով գերազանցել է թիմի նախկին խաղացող Դավիդ Սիլվայի ռեկորդը, հայտնում է Sky Sports-ը։
«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղում (6-3) Դե Բրույնեն երկու գոլային փոխանցում էր կատարել: Նա այժմ Անգլիայի առաջնությունում անցկացրած 218 խաղերում դարձել է 94 ասիստի հեղինակ։ Դավիդ Սիլվան 93 արդյունավետ փոխանցում էր կատարել:
Հատկանշական է, որ Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» 91 խաղ պակաս է անցկացրել, քան իսպանացի Դավիդ Սիլվան:
Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անգլիական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 11 խաղում 1 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
«Մանչեսթեր Սիթին» 8 խաղերից հետո 20 միավորով 2-րդն է ԱՊԼ-ում, 1 միավոր է զիջում առաջատար Լոնդոնի «Արսենալին»: