Ֆրանսիայի հավաքականը միշտ տաղանդների պակաս չի ունեցել: Երբեմն նրանք եղել են ավելի վառ, երբեմն՝ ոչ, բայց միշտ հնարավոր էր այդ խաղացողներից ուժեղ թիմ կառուցել: Այլ բան է, որ նման մեծ ընտրության պարագայում միևնույն է տիտղոսները նվաճվել են կայունության շնորհիվ, երբ մարզիչը կողմնորոշվել է կոնկրետ դիրքերի շուրջ և քիչ փոփոխել կազմը:
Այդպես էր 1984-ին հաղթական Եվրոյի ժամանակ, երբ թիմը կառուցված էր «չորս հրացանակիրների» շուրջ (Միշել Պլատինի, Ժան Տիգանա, Ալեն Ժիրես, Լուիս Ֆերնանդես), 1996-ից արդեն անփոփոխ էր պաշտպանությունը՝ Բիքսենտ Լիզարազյու, Լորան Բլան, Մարսել Դեսայի, Լիլիան Թյուրամ, կենտրոնական կիսապաշտպանների զույգը՝ Դիդյե Դեշամ, Կրիստիան Կարեմբյո, ինչպես նաև երկու ստեղծագործողները՝ Զինեդին Զիդան ու Յուրի Ջորկաեֆ: Երբ մեկնարկային կազմի 8 ֆուտբոլիստ բոլորին հաղթել են մրցակցությունը, դա արդեն թիմի կորիզ է, որի շուրջ կառուցվեց 1998-ի Մունդիալի ու 2000-ի Եվրոյի չեմպիոնական հավաքականը:
2012 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո Ֆրանսիայի հավաքականը գլխավորեց թիմի նախկին ավագ Դիդյե Դեշամը, որը հաջորդած երկու խոշոր մրցաշարի արդյունքում արդեն ուներ հստակ ձևավորված կիսապաշտպանական եռյակ՝ Նգոլո Կանտե, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, գումարած հարձակվողներ Անտուան Գրիզման և Օլիվյե Ժիրու: Այդ հիմքի շուրջ մարզիչը կառուցեց մնացած թիմը: ԱԱ-2018-ից առաջ թիմին ավելացավ 3-4 ֆուտբոլիստ, այդ թվում՝ աննախադեպ տաղանդ համարվող երիտասարդ Կիլիան Մբապեն, և Ֆրանսիան վստահորեն հաղթեց ԱԱ-2018-ը:
Հաջորդ 2 խոշոր մրցաշարերում Ֆրանսիայի հավաքականը շարունակում էր թեթև ափգրեյթի ենթարկվել, բայց հիմնական կորիզը մնում էր: Սակայն երբեմն փոփոխությունները դառնում են պարտադիր...
Եվրո-2024-ի ձախողումը
Մարդիկ կասեն, որ Ֆրանսիան հասավ կիսաեզրափակիչ, և դա լավ արդյունք է: Այո, արդյունքը լավն է, բայց թիմն ընդհանրապես նման չէր այն արագ ու հզոր հավաքականին, որին տեսել էինք դրան նախորդած 6-7 տարիների ընթացքում: Դեշամի թիմը սկսեց խաղալ ստատիկ ֆուտբոլ, որում որոշիչ էին անհատների գործողությունները: Անհատներն էլ այս անգամ չփայլեցին և «Եռագույնները» դարձան մրցաշարի գլխավոր հիասթափություններից մեկը: Այն հանգամանքը, որ Եվրոպայի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը Ժյուլ Կունդեն էր, արդեն շատ բանի մասին է խոսում:
Ֆրանսիական L'Equipe-ը թիմին այսպիսի որակում տվեց կիսաեզրափակիչում Իսպանիայից կրած պարտությունից հետո․
«Նախորդ երկու Մունդիալներում լավագույն եվրոպական թիմը ձախողվեց և չէր կարողանում գրոհ կազմակերպել: Նրանք պարզապես գնդակ էին գլորում և ընդունակ չէին ճնշել մրցակցին: Ֆրանսիան անօգնական տեսք ուներ, ասես երեխան՝ հսկայական ցուլի դիմաց»:
Հարկադրված փոփոխություններ
Ոչ ոք չգիտի, թե ինչպես էր մտադիր իրավիճակը փոխել դեռ 2023-ին նոր պայմանագիր ստորագրած Դիդյե Դեշամը, բայց ֆուտբոլիստներն օգնեցին նրան գործի անցնել: Կարճ ժամանակում միջազգային կարիերան ավարտեցին դարպասապահ Ուգո Լյորիսը, պաշտպան Ռաֆայել Վարանը, հարձակվողներ Օլիվյե Ժիրուն և Անտուան Գրիզմանը, իսկ Պոլ Պոգբան էլ ժամանակավորապես հեռացված է ֆուտբոլից:
Ովքե՞ր պետք է փոխարինեն աշխարհի չեմպիոն ֆուտբոլիստներին: Այստեղ խոսքը միայն քանակի կամ որակի մասին չէ: Հարկավոր են ֆուտբոլիստներ, որոնք կարող են և ուզում են իրենց վրա վերցնել Ֆրանսիայի պես հզոր հավաքականին առաջ տանելու բեռը:
Այո, «Եռագույններն» ունեն Կիլիան Մբապե, որը ընդգծված առաջատարն է և դեռ երկար ժամանակ կլինի թիմի գլխավոր աստղը: Բայց նույնիսկ Մբապեի առկայությունը ոչինչ չի երաշխավորում, և երկրորդ՝ եթե Կիլիանը լավ խաղա, բայց թիմը չհաղթի, մեղավոր են համարելու մյուս բոլորին: Նրանցից ո՞վ է պատրաստ դիմանալ այդ ճնշմանը:
Դեշամին հարկավոր է կարճ ժամանակում նոր թիմ կառուցել, որում Մբապեն ոչ միայն առաջատարն է, ինչպես նախորդ տարիներին, այլ նաև նրա կենտրոնը: Չեմպիոնական 2018-ին չկար ֆուտբոլիստ, որն աստղային կարգավիճակով գերազանցում էր մյուսներին: Բոլորը հավասար էին, դա իսկական թիմ էր: Այդպես նրանք հաղթեցին: Մեր օրերում ապրիորի որևէ ֆրանսիացին չի կարող համեմատվել Մբապեի հետ: Արդյո՞ք մյուս ֆրանսիացիները պատրաստ են խաղադաշտում «մահանալ» ոչ միայն իրենց երկրի, այլ նաև աստղային ավագի համար, ինչպես արեցին արգենտինացիները. դա դեռ պետք է պարզենք:
Թարմացված Ֆրանսիա
2024-2025 մրցաշրջանի Ազգերի լիգան մեզ ներկայացրեց փոփոխությունների գնացող Ֆրանսիա: Սեպտեմբերին դեռ թիմում էին Գրիզմանը և Կանտեն: Հոկտեմբերին առաջինն արդեն ավարտել էր միջազգային կարիերան, իսկ երկրորդը՝ վնասվածք ուներ: Դեշամն այդ հնարավորությունն օգտագործեց ավելի երիտասարդներին շանս տալու համար: Ընդամենը 1 ամսում թիմի միջին տարիքը 27-ից դարձավ 26:
«Կարծում եմ՝ Ազգերի լիգայի 6 խաղերը պետք է օգտագործենք նոր ֆուտբոլիստներին շանս տալու և խաղաժամանակը բոլորի միջև ճիշտ բաշխելու համար»,- սեպտեմբերի սկզբին ասաց Դեշամը:
Մարզիչը Բելգիայի հավաքականի դեմ խաղում հարձակումը վստահեց ՊՍԺ-ի եռյակին՝ Բրեդլի Բարկոլա, Ռանդալ Կոլո Մուանի, Ուսման Դեմբելե: Այդ խաղակցված եռյակն օգնեց կարևոր հաղթանակ տանել Բրյուսելում և գրեթե տեղն ապահովել քառորդ եզրափակիչում: Նույնիսկ Մարկուս Թուրամի կարիքն առանձնապես չեղավ:
Դրանից առաջ ավելի թույլ մրցակցի՝ Իսրայելի դեմ խաղում Դեշամը հնարավորություն ունեցավ գնահատել Կրիստոֆեր Նկունկուին, որն առաջին գոլը խփեց հավաքականում, ինչպես նաև թիմում հիասքանչ մարզավիճակում գտնվող Մայքլ Օլիսեին: «Բավարիայի» ֆուտբոլիստն ամռանն իրեն հիանալի դրսևորեց Օլիմպիական խաղերում, իսկ նոր մրցաշրջանում իր խաղամակարդակը հաստատեց նաև ակումբային մակարդակում: Բացի այդ, Օլիսեն հաջողությամբ խաղում է երկու դիրքերում: «Բավարիայում» նա հաճախ աջ հարձակվող է, բայց Անգլիայում հանդես գալու տարիներին շատ խաղեր է անցկացրել նաև կենտրոնական կիսապաշտպանի դիրքում: Հենց ենթահարձակվողի դիրքն էր Դեշամը պատրաստել Օլիսեի համար: Միգուցե այդպես ֆրանսիացիների մարզիչն ապագա փոխարինող է պատրաստում Անտուան Գրիզմանին:
Կիսապաշտպանությունում նոր Պոգբա կամ Կանտե գտնելը շատ դժվար կլինի: Կան խաղացողներ, որոնք նրանց խառնուրդը կարծես լինեն, մնում է խաղամակարդակով հասնեն նրանց: Օրելյան Չուամենին դասական հենակետային է և ավագի թևկապն է ստացել Մբապեի բացակայությամբ, Մանու Կոնեն հիանալի տեխնիկայով box-to-box է, որը դեռ նոր է սկսում խաղալ թոփ մակարդակի թիմերում, Յուսուֆ Ֆոֆանան կարող է անհարժեշտության դեպքում ավելացնել թիմի ֆիզիկական ուժն ու ամրությունը:
Ֆրանսիայի նոր հավաքականում ստեղծագործական խաղի համար պատասխանատու են լինելու երիտասարդ խաղացողներ: Սակայն մտավախություն էլ կա... Ուորեն Զաիր-Էմերին ընդամենը 18 տարեկան է, Էդուարդո Կամավինգան՝ 21, իսկ Մատեո Գենդուզին ավելի շատ Ադրիեն Ռաբիոյին է հիշեցնում: Այդ դեպքում մարզիչը կընտրի հենց Ռաբիոյին:
Պաշտպանության համար Դեշամը կարող է հանգիստ լինել։ Թեո Էրնանդես, Վիլիամ Սալիբա, Իբրահիմա Կոնատե, Ժյուլ Կունդե պաշտպանողական քառյակը հզոր է: Անհրաժեշտության դեպքում բաժաթիվ այլ խաղացողներ էլ կան, որոնք կարող են առանց խաղի որակը գցելու մեկնարկային կազմում կլինեն: Դարպասապահի դիրքում էլ Մայք Մենյանի պես թոփ դարպասապահ է կանգնած:
Ֆրանսիան արագորեն փոխվում է: Այժմ Դեշամը խնդիր ունի մինչև Մունդիալ-2026-ը գտնել կայունություն: Իսկ կայունությունը ֆրանսիական հաղթանակի գլխավոր գրավականն է: