Ալմաթիի «Կայրաթն» ու Լոնդոնի «Չելսին» համաձայնության են եկել 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևի տրանսֆերի շուրջ, հաղորդում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը:
Ղազախ ֆուտբոլիստը 2026 թվականի ամռանը կդառնա չափահաս և կմիանա անգլիական ակումբին:
«Դաստանը ծնվել է Ալմաթիում, 8 տարեկանում ընդունվել է «Կայրաթի» ակադեմիա, որտեղ անցել է վերապատրաստման բոլոր փուլերը։ Առաջին օրերից նա աչքի է ընկել աշխատասիրությամբ, կարգապահությամբ ու կատարելության ձգտմամբ։
Շնորհավորում ենք Դաստանին՝ կարիերայում կարևոր քայլ կատարելու համար: Մենք հպարտ ենք նրա հաջողություններով և վստահ ենք, որ Դաստանին նոր բարձունքներ են սպասում:
Հատուկ շնորհակալություն գերմանական ProSports Management գործակալությանը տրանսֆերի կազմակերպման հարցում աջակցության համար»,- նշված է «Կայրաթի» հայտարարությունում:
Սատպաևը 15 տարեկանում է նորամուտը նշել «Կայրաթում»՝ դառնալով ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ դեբյուտանտը: