Տավուշի մարզիչ Դիլիջան քաղաքի Պարզ լճի տարածքում մայիսի 18-ին կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը, հայտնում է ՀՀ կառավարությունը:
Երրորդ անգամ անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային և համայնքային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը: Մրցաշարի մարզային փուլերին ՀՀ հանրակրթական 362 ուսումնական հաստատություններից 2400-ից ավելի աշակերտ է մասնակցել: Նախորդ տարի մրցաշարին 251 դպրոցի 1984 աշակերտ էր մասնակցել:
Առաջին, երկրորդ և երրորդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: Մասնավորապես՝ առաջին տեղը զբաղեցրած դպրոցը ստացել է 4 միլիոն դրամ, երկրորդ տեղը` 2 միլիոն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 միլիոն 500 հազար դրամ:
Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչն ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ, երկրորդ և երրորդ տեղերը՝ համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցիչը, 100 հազարական դրամ՝ աշակերտները, 300 հազար դրամ՝ ուսուցիչը և 75 հազարական դրամ՝ աշակերտները:
Վարչապետը պարգևները հանձնել է առաջին տեղը զբաղեցրած Սյունիքի մարզի թիմին, երկրորդ տեղը զբաղեցրած Շիրակի մարզի թիմին պարգևները հանձնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, իսկ երրորդ տեղը զբաղեցրած Վայոց Ձորի թիմին պարգևները հանձնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: