Կատարի օդանավակայանը պատրաստ չէ 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ծանրաբեռնվածությանը, հաղորդում է Daily Mail-ը:
«Համադ» միջազգային օդանավակայանում անհանգստացած են, որ չեն կարողանա սպասարկել ուղևորների զանգվածային հոսքը, ինչի հետևանքով այցելուների անվտանգությունը կարող է վտանգի տակ դրվել:
Օդանավակայանի որոշ աշխատակիցներ անհանգստացած են, որ չվերթների ավելի քան երկու անգամ կրկնապատկվելը (օրական 700-1600) կարող են հանգեցնել նրան, որ նրանք չհասցնեն պատշաճ կերպով կատարել աշխատանքը: Պաշտոնյաներից մեկն իրավիճակը գնահատել է «ճգնաժամային»:
Օդանավակայանը նոր մարդկանց է ընդունում աշխատանքի, սակայն առանց համապատասխան պատրաստվածության: Նորեկները 20-30-ժամյա պատրաստություն են անցնում, սակայն դա բավարար չէ լիովին յուրացնել օդանավակայանի ծրագիրն ու օպերացիոն բազմաթիվ հարցեր:
Բացի այդ, օդանավակայանի անձնակազմին վախեցնում են և չեն թողնում այս ժամանակահատվածում փոխել աշխատանքը:
Կատարի քաղավիացիայի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ ղեկավարությունն իրեն ասել է՝ «աշխարհի առաջնությունը շատ կարևոր է Կատարի համար և պետք է անցկացվի ամենաբարձր մակարդակով՝ հանուն երկրի պետական շահի»: Հաղորդվում է, որ աշխատակիցների աշխատանքին խստորեն հետևելու են բարձրաստիճան պաշտոնյաներ:
Աշխատակիցները նաև դժգոհում են, որ օգոստոսից մինչև դեկտեմբերի վերջ զրկված են արձակուրդի մեկնելու հնարավորությունից:
Հիշեցնենք, որ աշխարհի 22-րդ առաջնությունը տեղի է ունենալու նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը: Կատարն առաջին անգամ է ընդունելու Մունդիալը:
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մրցաշարը կանցկացվի ոչ թե մայիսին, հունիսին կամ հուլիսին, այլ նոյեմբեր-դեկտեմբերին՝ պայմանավորված Կատարում ամառային բուռն շոգով:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կվիճարկի 32 հավաքական: Գործող չեմպիոնը Ֆրանսիայի հավաքականն է: