Իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլան հայտնել է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ քննարկել է մարզական կարիերան ավարտելուց հետո լոնդոնյան ակումբ հնարավոր վերադարձը:
Ներկայումս 39-ամյա ֆուտբոլիստը խաղում է իսպանական «Ռեալ Օվիեդոյում», որը պայքարում է Լա լիգայի ուղեգրի համար:
«Ես առանձնահատուկ ջերմ վերաբերմունք եմ տածում «Արսենալի» նկատմամբ, 6 հիանալի տարի եմ անցկացրել այդ ակումբում և գիտեմ, թե ինչքան են ինձ սիրում այնտեղ։
Ես բախտ եմ ունեցել հանդերձարան կիսել Միկել Արտետայի հետ, որն այժմ գլխավորում է «Արսենալը»: Ես և նա խոսել ենք իմ՝ հնարավոր վերադարձի մասին, բայց այս պահին ես կենտրոնացած եմ «Ռեալ Օվիեդոյի» համար լավ արդյունք գրանցելու և ֆուտբոլը վայելելու վրա:
Կտեսնենք, թե ինչ է սպասվում ինձ ապագայում: «Արսենալը» միշտ դուռը բաց է պահում ինձ համար»,- ասել է Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Sky Sports-ին տված հարցազրույցում:
Կասորլան «Արսենալի» կազմում խաղացել էր 2012-2018 թվականներին:
Հիշեցնենք, որ Լա լիգայի անցումային փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչի խաղում «Ռեալ Օվիեդոն» տանը 0-0 հաշիվն է գրանցել «Էյբարի» հետ: Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հունիսի 12-ին։