Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիա» թիմի դարպասապահ Կոեն Կաստելսը քննադատել է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի՝ Բելգիայի հավաքական վերադառնալը: Կաստելսը MidMid փոդքաստում հայտարարել է, որ հեռանում է Բելգիայի հավաքականից:
«Նախ` ինձ տարօրինակ է թվում, որ Կուրտուան ինքն է որոշել վերադառնալ, և որ ֆեդերացիան ընդունել է այդ որոշումը:
Իմ կարծիքով՝ բոլորը հավասար են, և ոչ մի խաղացող թիմից վեր չէ։ Ֆեդերացիան Կուրտուայի համար բացեց կարմիր գորգը: Վերջերս լսեցի, որ նա խոսում էր Տեդեսկոյի հեռանալու մասին, ինչը միայն ապացուցում է, որ Դոմենիկոն իրավացի էր։ Ինձ համար սա ցույց է տալիս, որ Կուրտուան իրեն մեղավոր չի զգում։
Այս իրավիճակը չի համապատասխանում այն չափանիշներին և արժեքներին, որոնք ես համարում եմ թիմային սպորտի համար կարևոր: Ես չեմ կարող լինել մի կազմակերպության մաս, որը ներում է նման վարքագիծը: Այսօրվանից ես այլևս հասանելի չեմ ազգային հավաքականի համար։ Չեմ կարող գնալ ազգային հավաքականի ճամբար:
Շատ ֆուտբոլիստներ կան, որոնք համաձայն չեն տեղի ունեցողի հետ. հետաքրքիր է, թե նրանք ինչ կասեն»,- ասել է Կաստելսը:
Տեդեսկոն Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչն է եղել 2023 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի հունվար։ Կուրտուան 2023 թվականից 39-ամյա մասնագետի հետ կոնֆլիկտի պատճառով դադարեցրել էր ելույթներն ազգային հավաքականում։ Այն բանից հետո, երբ «Ռեալի» դարպասապահը դադարեցրեց ելույթները հավաքականում, Կաստելսը դարձավ բելգիացիների հիմնական դարպասապահը:
Վերջերս Բելգիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հաստատել էր, որ Կուրտուան կվերադառնա ազգային թիմ: