Անվանի մարզիչ Կառլուշ Կեյրուշը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել` դժգոհելով Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի օդանավակայանի մեծ հերթից։
«Այսպես է Պորտուգալիան ընդունում հյուրերին, զբոսաշրջիկներին, ընտանիքներին ու երեխաներին, որոնք ժամանել են Լիսաբոն` Սուրբ Ծնունդը նշելու։ Սուրբծննդյան նվեր Պորտուգալիայից, շնորհավորում եմ։
Մենք հպարտ ենք, պարո՛ն նախագահ և պարո՛ն վարչապետ»,- գրել է Կեյրուշը։
72-ամյա մասնագետն այժմ գլխավորում է Օմանի ազգային հավաքականը։ Նախկինում նա մարզել է նաև Իրանի, Եգիպտոսի, Կոլումբիայի, Կատարի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականները։
Կառլուշ Կեյրուշն առավել հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու և Պորտուգալիայի ազգային հավաքականը մարզելու ժամանակահատվածներից։ Նա 2003/04 մրցաշրջանում գլխավորել է նաև Մադրիդի «Ռեալը»։


