«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալի մարզիչ Կառլոս Մոյան խոսել է իսպանացի թենիսիստի` Ֆրանսիայի բաց առաջնությանը հավանական մասնակցության մասին.
«Մենք դեռ ոչինչ չենք որոշել։ Տեսնենք, թե ինչպես նա իրեն կզգա վերջին մարզումներից հետո։ Նադալին այժմ փոքր-ինչ չի հերիքում մրցակցային ռիթմը։ Բայց նա դա չի կարող լրացնել, քանի որ գրունտի վրա այլ մրցաշարեր նախատեսված չեն։
Բարսելոնայի մրցաշարից հետո նա հոգեբանական և ֆիզիկական տեսանկյունից ավելի լավ է զգում իրեն, և երաշխիք ունի, որ մեկ օր ընդմիջման դեպքում կարող է դիմակայել հինգսեթանոց մրցախաղերում»,- մեջբերում է IB3-ը։
Իսպանական մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են, որ Նադալը որոշել է մասնակցել «Ռոլան Գարոսին»։ 37-ամյա թենիսիստը 2023 թ. Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլում ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդին պարտվելուց (4-6, 4-6, 5-7) հետո վնասվածքի պատճառով բաց թողեց մեկ տարի։ Նադալը կորտ վերադարձավ միայն այս տարվա հունվարին, մասնակցեց Ադելայիդայի ATP-250 շարքի մրցաշարին, հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ երեք սեթում պարտվեց Ջորդան Թոմսոնին (Ավստրալիա)։ Այդ մրցաշարից հետո իսպանացին ևս երեք ամիս ապաքինվում էր վնասվածքից ու անցնող շաբաթների ընթացքում մասնակցեց Բարսելոնայի ATP-500 շարքի մրցաշարին, Մադրիդի ու Հռոմի «Մասթերսներին»։
«Ռոլան Գարոսն» այս տարի կայանալու է մայիսի 20-ից հունիսի 9-ը։ Նադալը կարիերայում ռեկորդային 14 անգամ դարձել է Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն։


