Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Սելտայի» դեմ Լա լիգայի 3-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսում խոսել է դարպասապահի դիրքի մասին:
Իտալացի մասնագետը հաստատել է, որ առաջիկա խաղում թիմի դարպասը պաշտպանելու է «Արքայական ակումբի» նորեկ Կեպա Արիսաբալագան.
«Կեպան վաղը խաղալու է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է «Ռեալի» պաշտոնական կայքը:
Լա լիգայի մեկնարկային երկու տուրերում Իսպանիայի գործող գավաթակրի դարպասը պաշտպանել էր ուկրաինացի Անդրեյ Լունինը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ռեալի» կազմը վարձավճարով համալրել էր «Չելսիի» իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագան: Մադրիդյան գրանդի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել ու երկար ժամանակով դուրս մնացել շարքից:


