Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը չի բացառել, որ ապագայում կարող է մասնակցել Հավակնորդների մրցաշարին:
Նորվեգացի գրոսմայստերը տիտղոսը պետք է պաշտպաներ Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչիի հետ մրցամարտում, սակայն հրաժարվել էր: Կառլսենին կփոխարինի չինացի Դին Լիրենը, որը երկրորդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:
«Չեմ ցանկանում շահարկել այս թեման, սակայն հավանականություն կա, որ ապագայում կմասնակցեմ հավակնորդների մրցաշարին՝ հատկապես, եթե փոխեն աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտի ձևաչափը: Կարծում եմ՝ Ֆիշերի շախմատում ավելի շատ ժամանակ է հարկավոր, քանի որ այն բարդ է, իսկ դասական շախմատում կարելի է կրճատել ժամակարգը»,- նորվեգացու խոսքը փոխանցում է NRK-ը:
Հիշեցնենք, որ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկայում կայացած Ֆիշերի շախմատի աշխարհի առաջնությունում Կառլսենը բրոնզե մեդալ էր նվաճել՝ հաղթելով ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովին: Կիսաեզրափակիչում աշխարհի չեմպիոնը զիջել էր Յան Նեպոմնյաշչիին, որն էլ տիտղոսի համար պայքարում պարտվել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային: