Աշխարհի 18-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը վերհիշել է ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչում կրած պարտությունը:
Հիշեցնենք, որ Խաչանովը կարիերայում առաջին անգամ դուրս էր եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ: US Open-ի եզրափակիչի ուղեգրի համար պայքարում հայ թենիսիստը պարտվել էր նորվեգացի Կասպեր Ռուդին, որն էլ տիտղոսի համար պայքարում զիջել էր իսպանացի Կառլոս Ալկարասին:
«Մրցաշարը շատ երկար տևեց, որից հետո դատարկություն էի զգում: Մարմինս ցավում էր, տհաճ զգացողություն էր:
Նյու-Յորքից հետո վերադարձա Ռուսաստան. մուտքի արտոնագիր չունեի, քանի որ փաստաթղթերս գողացել էին Համբուրգում, որտեղ հուլիսին մասնակցում էի մրցաշարի: Պետք էր մուտքի արտոնագիր ստանալ, մարզվել ու միաժամանակ հանգստանալ: Զգում էի, որ դադար վերցնելու ժամանակն է»,- Խաչանովի խոսքը փոխանցում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ Աստանայում ընթացող ATP-500 շարքի մրցաշարում Կարեն Խաչանովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ հոկտեմբերի 7-ին կմրցի աշխարհի 7-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ: