Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան ներկայացնող, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն Կարեն Տոնականյանը Վլադիկավկազում նախապատրաստվում է դեկտեմբերի 24-ին կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի իր առաջին մենամարտին, որի ժամանակ կմրցի Թայլանդը ներկայացնող Կռայ Սեթապոնի հետ:
Հայ մարզիկը այժմ մարզվում է պրոֆեսիոնալ ռինգում հայտնի մարզիչ Վիտալի Սլանովի ղեկավարությամբ, ով նաև WBA և IBF վարկածներով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Մուրադ Գասիևի մարզիչն է: Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ` սպարինգ մենամարտեր անցկացնելու և ռուս բռնցքամարտիկների հետ փորձի փոխանակման համար Վլադիկավկազ են մեկնել նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Նրանց հետ է նաև մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը:
Մեր տղաները Վլադիկավկազում կմարզվեն մինչև դեկտեմբերի 22-ը, որից հետո կմեկնեն Մոսկվա, որտեղ էլ դեկտեմբերի 24-ին կկայանա Տոնականյանի և Սեթապոնի մենամարտը: Թայլանդցի մարզիկը պրոֆեսիոնալ ռինգում բավականին մեծ փորձ ունի, նա տոնել է 29 հաղթանակ, որից 19 նոկաուտով:

