Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացված աշխարհի առաջնությունից վերադարձել է հայրենիք: «Զվարթնոց» օդանավակայանում հայ ծանրորդներին դիմավորել են մի քանի տասնյակ մարզասերներ: Լրագրողների հետ ճեպազրույցներ են ունեցել նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Աննկարագրելի զգացողություններ ունեմ՝ հատկապես հաշվի առնելով, որ 2009 թվականից ի վեր կանանց ծանրամարտում մեդալ չէինք ունեցել աշխարհի առաջնությունից: Հուսով եմ՝ սա սկիզբը կլինի իմ հաջողությունների: Նվաճումս ոչ միայն ինձ, այլև բոլորին ուրախացրեց, ինչի համար շատ երջանիկ եմ»,- Եվրոպայի գործող չեմպիոն 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանի խոսքը մեջբերում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:
«Պատմության մեջ առաջին անգամ մենք ծանրամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն ունեցանք, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս․ մարզական տարվա լավ եզրափակում էր: Վարազդատն ապացուցեց, որ այսօր ուժեղագույնն է աշխարհում»,- ասել է Գիլոյանը, որը մրցավայրում հետևում էր հայ ծանրորդների ելույթներին:
Հիշեցնենք, որ 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը (+109 կգ) առաջին անգամ աշխարհի առաջնության ոսկե մեդալը նվաճել է երկամարտի 467 (215+252 կգ) արդյունքով։
Աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Հայաստանն Ուզբեկստանի հետ բաժանել է 4-5-րդ տեղերը։ Հայ ծանրորդները նվաճել են երկամարտի մեկական ոսկե և բրոնզե մեդալ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գառնիկ Չոլակյանը (61 կգ), հանդես գալով B խմբում, փոքր բրոնզե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, Գոռ Սահակյանը (73 կգ) գրավել էր 8-րդ տեղը, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ) զրո էին ստացել ու երկամարտի արդյունք չէին գրանցել, Գարիկ Կարապետյանը (109 կգ) պոկում վարժությունում արծաթե մեդալ էր նվաճել, իսկ հրմանը չէր մասնակցել վնասվածքի պատճառով, Տաթև Հակոբյանը (87 կգ) գրավել էր 13-րդ տեղը, Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգի մրցման պայքարի մեկնարկից անմիջապես առաջ հրաժարվել էր մրցելույթից։
Ֆոտո` ԿԳՄՍ