Logo

Կարեն Ասմարյան. «Հայաստանի հավաքականը փորձելու է գոնե երկրորդ տեղը գրավել ենթախմբում»

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:20 / 20.07.2023Վոլեյբոլ
Բացառիկ
null

Վոլեյբոլի Հայաստանի մինչև 22 տարեկանների հավաքականը հնարավորինս լավ է պատրաստվել հուլիսի 21-23-ը Երևանում առաջին անգամ անցկացվելիք Եվրոպայի այդ տարիքային խմբի առաջնության ընտրական մրցաշարին և փորձելու է դրական հույզեր պարգևել երկրպագուներին։ Այդ մասին VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը՝ նշելով, որ հայ վոլեյբոլիստները ձգտելու են ենթախմբում գրավել երկրորդ տեղը, որը կարող է եզրափակիչ փուլի ուղեգիր ապահովել։

Հայաստանի Մ22 հավաքականը E ենթախմբում մրցելու է Ֆրանսիայի, Դանիայի և Պորտուգալիայի հասակակիցների հետ։ Հենց վերջին երկու թիմերի հետ պայքարում է որոշվելու երկրորդ տեղի համար պայքարի ելքը։ Մեր զրուցակիցը, հաշվի առնելով որոշակի գործոններ, չի բացառում հնչեղ անակնկալի հավանականությունը։

«Անմիջական նախապատրաստությունը հավաքականը սկսել է շուրջ 1,5 ամիս առաջ։ Ընտրանին համալրված է Հայաստանի երիտասարդական առաջնությանը մասնակցած ԲԿՄԱ, «Մխիթար Սեբաստացի», ՖԻՄԱ, «Վանաձոր» և «Գյումրի» թիմերի առաջատար խաղացողներով։ Հավաքականի մարզիչն է Ռուսաստանի բազմակի չեմպիոն և գավաթակիր Բելգորոդի «Բելոգորիեի» ու այդ երկրի տղամարդկանց ազգային հավաքականի նախկին լիբերո Խաչատուր Ստեփանյանը, որը դարձել է վոլեյբոլի Չեմպիոնների լիգայի և ԵՎԿ-ի գավաթակիր ու Համաշխարհային մրցաշարի հաղթող։ Նա, թեպետ, չունի մարզչական աշխատանքի լուրջ փորձ, իսկ հավաքական, ընդհանրապես, առաջին անգամ է մարզում, բայց ունի խաղային մեծ փորձ, որը, հուսով ենք, կնպաստի մեր թիմի հաջող ելույթին։ Հավաքականը հնարավորինս լավ է պատրաստվել. ընթացքում ուսումնամարզական հավաք և ստուգողական խաղեր է անցկացրել Վրաստանում: Գիտեք, որ մեզ բաժին են հասել բավականին ուժեղ մրցակիցներ։ Փորձելու ենք պայքարել և պատվով հանդես գալ սեփական հարկի տակ։ Ի դեպ, հավաքականում հիմնականում ընդգրկված են այն տղաները, որոնք 2018 թվականին Երևանում մասնակցել են Արևելյան Եվրոպայի Մ18 առաջնության ընտրական մրցաշարին»,- նշեց Կարեն Ասմարյանը։

Նրա կարծիքով՝ Հայաստանի հավաքականին, թերևս, կարող է խանգարել մրցափորձի պակասը։

«Իմ դիտարկմամբ՝ տղաները լավ մարզավիճակում են։ Մարզումներն անցկացվում են նոր մոտեցումներով և մտահղացումներով, ինչը հաջող ելույթի հույս է ներշնչում։ Պետք է նշեմ, որ մեր հավաքականի վոլեյբոլիստների միջին հասակը 180 սմ է։ Ունենք անգամ 202 սմ հասակով խաղացող։ Դա, իհարկե, լուրջ գործոն է, բայց ավելի կարևոր է խաղային փորձը, որով, ցավոք, զիջում ենք մրցակիցներին։ Դա կարող է որոշակիորեն խանգարել, քանի որ պայքարելու ենք Եվրոպայի առաջատար ազգային հավաքականների հերթափոխի հետ։ Այսինքն, մրցակից թիմերում թույլ խաղացողներ սկզբունքորեն չեն կարող լինել։ Նույն Ֆրանսիան Օլիմպիական խաղերի գործող չեմպիոնն է։ Սակայն, միևնույն է պայքարելու ենք, ձգտելու ենք ենթախմբում գոնե երկրորդ տեղը գրավել, որը կարող է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր ապահովել։ Հասկանալի է, որ ֆրանսիացիներն ակնհայտ ֆավորիտ են։ Մեր գլխավոր նպատակն է հաջող մրցակցություն կազմել դանիացիներին և պորտուգալացիներին։ Մեծ հաշվով, մեր մարզիկները պետք է փորձեն լավ հանդես գալ հայրենիքում, հետաքրքրել հանդիսատեսին և պատվով հաղթահարել այս փորձությունը»,- ընդգծեց ՀՎՖ-ի գլխավոր քարտուղարը։

Կարեն Ասմարյանը նշեց նաև, որ չնայած աշխատանքի ընթացքում անընդհատ ծագող խնդիրներին՝ ամեն ինչ արվել է մրցմանը նաև կազմակերպչական առումով լավագույնս պատրաստվելու համար․ «Միանգամայն պատրաստ ենք մրցաշարին։ Հուսով ենք՝ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն և մեր վոլեյբոլիստները կզգան հայրենակիցների աջակցության շունչը»,- ասաց Կարեն Ասմարյանը։

Եվրոպայի Մ22 առաջնության ընտրական մրցաշարի E ենթախմբի հանդիպումներն անցկացվելու են Երևանի «Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական համալիրում։

Մրցաշարի խաղացանկը

Հուլիսի 21

15:00՝ Ֆրանսիա - Դանիա

17:30՝ Հայաստան - Պորտուգալիա

Հուլիսի 22

15:00՝ Ֆրանսիա - Պորտուգալիա

17:30՝ Հայաստան - Դանիա

Հուլիսի 23

15:00՝ Պորտուգալիա - Դանիա

17:30՝ Հայաստան - Ֆրանսիա

Ընտրական մրցաշարն անցկացվելու է 5 ենթախմբերում, որոնց հաղթողները և երկրորդ տեղը գրաված թիմերից երկու լավագույնները, Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում միանալով այն կազմակերպող երկրի հավաքականին, վիճարկելու են չեմպիոնի կոչումը և մեդալները։

Կարեն Ասմարյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերին Հայաստանում անցկացվելու է ևս մեկ միջազգային մրցաշար, բայց արդեն լողափնյա վոլեյբոլի։ Իսկ օգոստոսին Հայաստանի Մ22 հավաքականը Բելառուսում մասնակցելու է վոլեյբոլի ԱՊՀ առաջնությանը։

Առաջիկա օրերին Երևանում անցկացվելիք մրցաշարը կազմակերպչական առումով համարվելու է 2025 թվականին՝ 16 թիմերի մասնակցությամբ Հայաստանում նախատեսված Եվրոպայի Մ17 առաջնության եզրափակիչ փուլի գլխավոր փորձը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա