Բուլղարիայում կայացած «Ստրանջա» միջազգային ավանդական հեղինակավոր մրցաշարը հիմնականում տվեց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի մարզիչներին հետաքրքրող հարցերի պատասխանները։ Աստիճանաբար ուրվագծվում է մայիսին Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնության մասնակիցների կազմը, որը, սակայն, դեռ հստակեցման կարիք ունի։ Այդ մասին VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը։
Տարվա առաջին ստուգողական մրցմանը մասնակցած 12 հայ բռնցքամարտիկներից միայն 4-ը վերադարձան մեդալով։ Արծաթե մեդալակիր դարձան Համբարձում Հակոբյանը (80 կգ) և գերծանրքաշային Դավիթ Չալոյանը։ Հակոբյանը եզրափակիչում համառ պայքարում պարտվեց աշխարհի չեմպիոն, ամերիկացի Ռոբի Գոնսալեսին, իսկ աշխարհի փոխչեմպիոն Չալոյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց վճռորոշ մենամարտին։ Բրոնզե մեդալակիր դարձան Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (67 կգ)։ Այնուհանդերձ, հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է սաների ելույթից։
«Նպատակս էր հասկանալ, թե մրցավայր մեկնած մարզիկներից այս պահին ովքեր են պատրաստ պայքարելու միջազգային ասպարեզում, հատկապես՝ աշխարհի առաջնությունում։ Գրեթե բոլոր տղաներից գոհ եմ՝ թե՛ գրաված տեղերի, թե՛ վարած մենամարտերի որակի առումով։ Նրանք անցկացրեցին տարբեր քանակությամբ մենամարտեր, համառորեն պայքարեցին։ Իհարկե, որոշ բռնցքամարտիկներ դեռ չեն համապատասխանում մեր պահանջներին։ Ունեցանք մարզիկներ, որոնք պարտվեցին իրենց գերազանցող մրցակիցների։ Անկեղծ լինենք, նրանք դեռ պատրաստ չեն հաղթելու նման կարգի մրցակիցների։ Մնացած առումներով ամեն ինչ նորմալ է։
Հատկապես լավ տպավորություն թողեց հինգ մենամարտ անցկացրած Համբարձում Հակոբյանը։ Բոլորն էլ դժվարին, ծանր հանդիպումներ էին։ Եզրափակիչում համառ պայքարում պարտվեց աշխարհի չեմպիոն ամերիկացի բռնցքամարտիկին։ Վատ տպավորություն չթողեցին նաև Չալոյանը և Մադոյանը։ Ինձ շատ է անհանգստացնում այն հանգամանքը, որ 60 կգ քաշային Արթուր Ղազարյանի հոնքն անընդհատ պատռվում է։ Հաղթական մեկնարկից հետո նա շատ լավ անցկացրեց նաև ուզբեկ բռնցքամարտիկի հետ երկրորդ մենամարտը։ Մրցելով պատռած հոնքով՝ խնդրեց հանդիպումը շարունակելու հնարավորություն տալ իրեն, քանի որ մենամարտերի քանակը լրացնելու խնդիր ունի։ Ամեն դեպքում, Արթուրը բուժման կարիք ունի, քանի որ հոնքի խնդիրն անընդհատ կրկնվում է»,- նշեց Կարեն Աղամալյանը։
Մարզիչը համարում է, որ Բուլղարիայի մրցաշարն ուժերը փորձելու հիանալի հարթակ էր բոլոր մասնակիցների համար։ Այդ առումով կարևորում է այն հանգամանքը, որ թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը եզրափակեց լավագույն եռյակը։
«Տղամարդկանց մրցաշարին մասնակցում էր 38 երկրի շուրջ 380 մարզիկ։ Առաջատարներից, թերևս, բացակայում էին միայն Կուբայի, Անգլիայի և Ռուսաստանի հավաքականները։ Մեծ թիմով էր ներկայացել Ուզբեկստանի հավաքականը, որը հայտավորել էր 27 մարզիկի։ Նրանք նույնպես որոշում են աշխարհի առաջնության կազմը։ Կարելի է ասել՝ աշխարհի փոքր առաջնություն էր։ Պայքարն այնքան թեժ էր, որ աշխարհի ու Եվրոպայի շատ չեմպիոններ չկարողացան մեդալ նվաճել։ Մենամարտերը տևում էին վաղ առավոտից մինչև ուշ գիշեր։ Այդ առումով իրոք պատվաբեր է, որ տղամարդկանց թիմային հաշվարկում գրավեցինք երրորդ տեղը՝ զիջելով միայն Ուզբեկստանի և Բուլղարիայի հավաքականներին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Շարունակելով նախապատրաստությունը մայիսի 1-14-ը նախատեսված աշխարհի առաջնությանը՝ Հայաստանի հավաքականը մարտի 15-ից կանցկացնի հերթական 10-օրյա ուսումնամարզական հավաքը։
«Մարտի 28-ից ապրիլի 3-ը Սերբիայում անցկացվելիք միջազգային մրցաշարում մտադիր եմ ստուգել այն տղաներին, որոնք չեն մասնակցել «Ստրանջային»։ Իսկ վերադառնալուց հետո կսկսենք անմիջական նախապատրաստությունն աշխարհի առաջնությանը։ Առաջին հավաքը ծրագրել ենք Ծաղկաձորում, իսկ վերջինը՝ հավանաբար կանցկացնենք ղազախական Չիմկենտում, որտեղ համատեղ մարզումներ են մտադիր կազմակերպել նաև Ղազախստանի, Սերբիայի ու ևս մեկ երկրի հավաքական։ Հենց այնտեղից էլ կմեկնենք Տաշկենտ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Վերջին հավաքի վայրը պատահաբար չենք ընտրել. գտնվելու ենք Ուզբեկստանի մայրաքաղաքի հետ նույն կլիմայական և ժամային գոտում։ Ծաղկաձորյան հավաքը միտված կլինի մարզիկների ֆիզիկական և հատուկ պատրաստվածության բարելավմանը, իսկ արտագնա վերջին մարզումներում շեշտը հիմնականում դնելու ենք տեխնիկա-տակտիկական խնդիրների լուծմանը։ Հավաքականի կազմը կհայտնեմ ծաղկաձորյան հավաքից հետո, քանի որ որոշ քաշային կարգերում դեռևս պահպանվում է անորոշությունը։ Այդ ընթացքում առկա հարցերը վերջնականապես կհստակեցվեն։ Աշխատելու ենք հնարավորինս շտկել թերությունները»,- խոսքը եզրափակեց Կարեն Աղամալյանը։