Logo

Կարեն Աղամալյան. «Կփորձենք ուրախացնել մեր ժողովրդին»

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:02 / 27.04.2023Բռնցքամարտ
Բացառիկ
null

Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը նորմալ մարզավիճակում և մարտական տրամադրվածությամբ է մոտենում մայիսի 1-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենտում մեկնարկող աշխարհի առաջնությանը։ Այդ մասին VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, որի ղեկավարությամբ հայ բռնցքամարտիկները նախապատրաստական վերջին հավաքն անցկացնում է Ղազախստանի Չիմկենտ քաղաքում։ Հենց այնտեղից էլ թիմն ապրիլի 29-ին կմեկնի մրցավայր։

«Նախապատրաստությունն ընթանում է նորմալ։ Նախատեսված աշխատանքը հիմնականում իրականացրել ենք ամբողջ ծավալով։ Մեր մարզիկները պատրաստվել են նվիրումով և նպատակասլաց։ Բոլորն էլ նորմալ մարզավիճակում են, տրամադրված են մարտականորեն։ Բարեբախտաբար լուրջ վնասվածքներ ունեցողներ չկան։ Դե իսկ մանր վնասվածքները բռնցքամարտում անխուսափելի են։

Այսօր ավարտեցինք համատեղ հավաքը Չիմկենտում, որտեղ մարզվում էին նաև տանտերերի, Ավստրալիայի, Ֆիլիպինների, Տաջիկստանի և Հունաստանի հավաքականները։ Վաղը կանցկացնենք առանձին մարզում և հաջորդ օրը կմեկնենք Տաշկենտ»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչը։

Անդրադառնալով վերջերս պրոֆեսիոնալ ռինգում հերթական հաղթանակը տարած Հովհաննես Բաչկովին՝ Կարեն Աղամալյանը հայտնեց. «Նա նույնպես նորմալ մարզավիճակում է, իսկ 3-4 օրից ընդհանրապես կլինի գերազանց վիճակում։ Համոզված եմ դրանում։ Երկար ուղևորությունները, ինչ խոսք, զգալ են տալիս, բայց Հովհաննեսն աստիճանաբար հունի մեջ է մտնում»։

Մեր զրուցակիցը մեկնաբանեց նաև աշխարհի առաջնությանը 11 բռնցքամարտիկի հայտավորելու իր որոշումը։

«Հավաքականում ընդգրկել եմ առավել պատրաստ մարզիկներին։ Մասնակիցներ չունենք միայն 71 և 75 կգ քաշային կարգերում, որովհետև այդտեղ հանդես եկող տղաները դեռ չեն համապատասխանում աշխարհի առաջնությանը մասնակցելու պահանջներին։ Մնացած բոլոր հայ բռնցքամարտիկները պայքարելու են։ Իհարկե, թիմում ունենք ավելի մեծ հնարավորություններով առաջատարներ, բայց բռնցքամարտում դժվար է կանխատեսել պայքարի ընթացքը։ Ամեն դեպքում, կաշխատենք ուրախացնել մեր ժողովրդին»,- նշեց Կարեն Աղամալյանը՝ չմոռանալով նաև հաջողություն մաղթել այս օրերին Երևանում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցող հայ բռնցքամարտիկներին։

ԱԱ-2022-ում Հայաստանը ներկայացնելու են Բարեղամ Հարությունյանը (48 կգ քաշային կարգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Այս տարի աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը ռեկորդային 5,2 միլիոն դոլար է: Աշխարհի չեմպիոնները կարժանանան 200 հազար, փոխչեմպիոնները՝ 100, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 50 հազար դոլարի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա