Հայաաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը լրացուցիչ 214,6 միլիոն դրամ գումար հատկացնելու նախագիծը՝ այս տարվա ապրիլին Երևանում նախատեսված ծանրամարտի Եվրոպայի առաջնության պատշաճ կազմակերպման և անցկացման համար, հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:
Ընդհանուր առմամբ՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման համար հատկացվել է ավելի քան 990 միլիոն դրամ:
Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցումները նույնպես կանցկացվեն մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է լինելու Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի համար: Ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում տղամարդիկ կմրցեն 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և +102 կգ, իսկ կանայք՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ, 81 կգ և +81 կգ քաշային կարգերում: