Իսպանացի Խոակին Կապառոսը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո գրել է հրաժեշտի նամակ, որտեղ շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, ֆուտբոլիստներին, երկրպագուներին:
«Հանդիպումից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ որոշել ենք ավարտել մեր համատեղ աշխատանքն ազգային հավաքականում:
Պատիվ էր լինել Հայաստանի հավաքականի մարզիչը, ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆեդերացիային, նրա ամբողջ անձնակազմին, խաղացողներին և, հատկապես, ֆեդերացիայի նախագահին այն ժամանակի համար, որի ընթացքում միասին աշխատել ենք հետաքրքիր նախագծի վրա:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր երկրպագուներին մեզ ցուցաբերած աջակցության համար, որի արդյունքում զգացել ենք այս երկրի և ազգային հավաքականի մեծությունը: Շատ հպարտ եմ միասին ապրած հիանալի պահերի համար ու երբեք չեմ դադարի մտածել, թե որքան բախտավոր եմ եղել, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել այս թիմում:
Քեզ ամենալավն եմ մաղթում, Հայաստա՛ն»,- գրել է իսպանացի մարզիչը Թվիթերում:
Հիշեցնենք, որ Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ իր պատմության ընթացքում հաղթեց պաշտոնական մրցաշարում՝ գրավելով առաջին տեղը Ազգերի Լիգայի C դիվիզիոնի իր խմբում: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն ունեցավ իր պատմության ամենաերկար անպարտելի շարքը՝ 9 խաղ: 66-ամյա մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մի շարք տպավորիչ հանդիպումներ աշխարհի առաջնության որակավորման փուլում՝ հիանալի էմոցիաներ պարգևելով երկրպագուներին։
Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբում Հայաստանի հավաքականը տարել էր մեկ հաղթանակ, կրել 5 պարտություն և, 3 միավորով գրավելով վերջին՝ չորրորդ տեղը, նահանջել C դիվիզիոն։
Խոակին Կապառոսը 2020 թվականի մարտին էր նշանակվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։ Նրա գլխավորությամբ ազգային թիմն անցկացրել է 26 հանդիպում, տարել 8 հաղթանակ, կրել 12 պարտություն ու գրանցել 6 ոչ-ոքի։ Այդ խաղերում իսպանացի մասնագետը դաշտ է դուրս բերել 47 ֆուտբոլիստի։
— Joaquín Caparrós (@JoaquinCaparros) October 1, 2022