Logo

Կապանում կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշար

15:01 / 18.10.2023Ֆուտբոլ
null

Կապանի քաղաքային մարզադաշտում հոկտեմբերի 21-ին կկայանա «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարը։

Այս տարի մրցաշարին կմասնակցեն լրագրողների 8 թիմեր՝ Գերմանիայի, Ռումինիայի, Եգիպտոսի, Լիտվայի, Մոլդովայի, Վրաստանի, Երևանի և Կապանի։

Միջոցառման կազմակերպիչն է Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիան, գլխավոր հովանավորը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, աջակիցը՝ «Սյունիք» ֆուտբոլային ակումբը։

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը մեկնաբանել է մրցաշարի անցկացումը. «ԶՊՄԿ-ի համար սպորտին աջակցությունը պարզապես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղություններից մեկը չէ։ Մենք վստահ ենք, որ աջակցելով սպորտին, առողջ ապրելակերպի մշակույթին մեր համայնքներում՝ նպաստում ենք իրական կայուն սոցիալական զարգացմանը։ Դա է պատճառը, որ «Սյունիք» ֆուտբոլային ակումբը մեր ուշադրության կենտրոնում է։ Այս մրցաշարն ունի նաև մեկ այլ կարևորություն. դա Սյունիքը մի քանի երկրների լրագրողների մեծ խմբի ներկայացնելու հնարավորությունն է, և ԶՊՄԿ-ն նաև այս առաքելությունն է առաջնային համարում»։

Միջոցառման կազմակերպիչ, Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանն այս կապակցությամբ ասել է․ «Առաջին անգամ է, որ Սյունիքում նման խոշոր լրագրողական մրցաշար է անցկացվում։ Մրցաշարի անցկացման վայրը պատահական չէ ընտրված․ այսօր սյունեցիներն ունեն քաջալերման եւ բարոյական աջակցության կարիք։ Մի քանի տասնյակ օտարերկրյա լրագրողներ հնարավորություն կունենան սեփական աչքերով տեսնել Սյունյաց աշխարհի գեղեցկությունը և ծանոթանալ գլխավոր հարստությանը՝ մարդկանց»։ 

Խաղերն անցկացվելու են ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում, զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլորը թիմերը մրցելու են միմյանց հետ։ Մեկ խաղի տևողությունը 20 րոպե է։ Յուրաքանչյուր խաղից հետո կլինի 10 րոպե ընդմիջում, իսկ 4-րդ խաղից հետո՝ 20 րոպե, որի ընթացքում երկրպագուների միջև կխաղարկվեն արժեքավոր նվերներ։

Մրցաշարի մեկնարկը՝ շաբաթ՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 11։00-ին Կապանի քաղաքային մարզադաշտում։

Երկրպագուների եւ լրագրողների համար մուտքն ազատ է։

Լրագրողների միջազգային մրցաշարերն ավանդական բնույթ են կրում եւ անցկացվում տարբեր երկրներում։ Դրանք նպաստում են լրագրողների համերաշխության ամրապնդմանը և գործնական կապերի հաստատմանը։

Հայաստանի Լրագրողների ֆուտբոլի հավաքականը ձևավորվել է 2014 թվականին մի շարք ԶԼՄ-ների ֆուտբոլասեր աշխատակիցների կողմից, որն այս ընթացքում հասցրել է մի շարք պաշտոնական, ընկերական և բարեգործական մրցաշարերի ու խաղերի մասնակցել։ Թիմում ընդգրկված են առաջատար ԶԼՄ-ների ղեկավարներ, լրագրողներ, օպերատորներ ու այլ աշխատակիցներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա