Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեն մեկնաբանել է Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում Նիդերլանդների թիմի հետ գոլազուրկ ոչ-ոքին։
«Ընդհանուր առմամբ մենք լավ հանդիպում անցկացրինք։ Ցավոք, չկարողացանք գոլ խփել։ Ֆրանսիայի հավաքականը ճիշտ ուղով է շարժվում։ Այս անգամ ավելի լավ խաղացինք, քան առաջին տուրում էր։ Պետք է շարունակենք տքնաջան մարզվել և շարունակենք նույն ոգով»,- Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Եվրո-2024-ի երկրորդ տուրից հետո Ֆրանսիայի հավաքականն ունի 4 միավոր և D խմբում երկրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի խմբի առաջատար Նիդերլանդները։ Դիդյե Դեշամի գլխավորած հավաքականը երրորդ տուրում հունիսի 25-ին մրցելու է Լեհաստանի հավաքականի դեմ։