Լազուր ափին մեկնարկել է կինոաշխարհի գլխավոր իրադարձություններից մեկը՝ Կաննի 76-րդ կինոփառատոնը, որը կտևի մինչև մայիսի 27-ը։ Դերասանների, ռեժիսորների և ոլորտի այլ գործիչների համար սա մասշտաբային իրադարձություն է և հազիվ թե զիջում է «Օսկար»-ին, և հանդիսատեսն այստեղ տեսնելու շատ բան ունի: Ի վերջո, նույն «Օսկարի» կամ «Ոսկե գլոբուսի» հավակնորդների թվում միշտ լինում են ֆիլմեր, որոնք առաջին անգամ ցուցադրվել են հենց Կաննում, ուստի խորհուրդ չենք տալիս բաց թողնել մրցութային ծրագիրը և դրանից դուրս ցուցադրությունները:
Տեսնենք, թե ինչ է պատրաստել փառատոնն այս տարի մեզ գոհացնելու համար․
«Ժաննա Դյուբարի»
Ջոնի Դեփի առաջին դերը՝ Էմբեր Հերդի հետ սկանդալային դատավարությունից հետո:
Սա Ժաննա Վոբերնյեի պատմությունն է՝ բանվորական դասի երիտասարդ ներկայացուցչի, որն օգտագործում է իր խելքն ու հմայքը սոցիալական սանդուղքով բարձրանալու համար: Նա հանդիպում է Լյուդովիկոս XV թագավորին (մարմնավորում է Ջոնի Դեփը) և շուտով դառնում նրա սիրելին՝ աստիճանաբար նվաճելով Ֆրանսիայի ամենաազդեցիկ կանանցից մեկի և թագավորի ֆավորիտուհու կարգավիճակը։ Դա, իհարկե, ոչ բոլորի սրտով է։
Ծաղկի լուսնի սպանողները
Լեոնարդո Դի Կապրիոյի և Ռոբերտ Դե Նիրոյի դուետը՝ Մարտին Սկորսեզեի դրամայում։ Սյուժեն ծավալվում է 1920-ականներին ամերիկյան Օկլահոմա քաղաքում բնակվող օսեյջ հնդկացիական ցեղի շուրջը։ Բնիկ ամերիկացիները սպանվում են հերթով, երբ նրանցից մեկը հարստանում է նավթ հայտնաբերելով: Սպանությունները գրավում են ՀԴԲ-ի ուշադրությունը, և նրանք սկսում են իրենց հետաքննությունը։
Ինդիանա Ջոնսը և ճակատագրի անիվը
«Ինդիանա Ջոնսի» հինգերորդ մասը՝ Հարիսոն Ֆորդի մասնակցությամբ, որին դժվարին խնդիր է սպասվում: Բայց մեր հերոսը, ինչպես ասում են, չի հանձնվում։
Աստերոիդների քաղաքը
Ուես Անդերսոնի կատակերգական մելոդրաման՝ աստղային դերասանական կազմով. գլխավոր դերերը խաղում են Սքարլեթ Յոհանսոնը, Թոմ Հենքսը, Թիլդա Սուինթոնը, Բրայան Քրենսթոնը, Էդվարդ Նորթոնը, Էդրիեն Բրոուդին, այլք։ Իրադարձությունները ծավալվում են 1955 թվականին մի փոքրիկ հորինված քաղաքում՝ խառնարանի մոտ, որը մնացել է հազարավոր տարիներ առաջ աստերոիդի անկումից հետո: Ամեն տարի այս վայրում անցկացվում է երիտասարդ աստղագետների ժողով, որին մասնակցում են ուսանողներ, նրանց ընտանիքները, ուսուցիչները, ինչպես նաև զինվորականներ։ Նման մի հավաքի ժամանակ էլ տեղի են ունենում այնպիսի իրադարձություններ, որոնք կարող են փոխել աշխարհը։
Կուռք
Այո, Սեմ Լևինսոնի աղմկահարույց «Կուռքը»՝ Լիլի-Ռոուզ Դեփի և The Weeknd-ի մասնակցությամբ, նույնպես Կաննում է։ Սա պատմություն է փոփ երգչուհու մասին, որը հարաբերություններ է հաստատում գիշերային ակումբի սեփականատիրոջ և համատեղությամբ գաղտնի պաշտամունքի առաջնորդի հետ, և, դատելով թրեյլերից, մեզ շատ անկեղծ պատմություն է սպասվում:
Տարօրինակ կենսակերպ
Պեդրո Ալմոդովարի կարճամետրաժ վեսթերնը: 25 տարվա բաժանումից հետո Սիլվան (Պեդրո Պասկալ) հանդիպում է շերիֆ Ջեյքի (Իթան Հոուքի) հետ։ Ընկերները հիշում են անցյալը, մինչև կբացահայտվի այցելության իրական պատճառը:
Էլեմենտար
Pixar-ի նոր մուլտֆիլմը, որը պատմում է Տարերքների քաղաքի մասին, որտեղ միասին ապրում են կրակի, ջրի, հողի և օդի բնակիչները։
Հրեշ
Հիրոկաձու Կորեեդայի ֆիլմը ճապոնական դրամա է դպրոցի երկու աշակերտների միջև կոնֆլիկտի մասին, որը վերաճում է ավելիին:
Անկման հետագիծը
Գլխավոր հերոսուհին գերմանացի գրող է, որի ամուսինը խորհրդավոր կերպով մահանում է ժայռից ընկնելով։ Նրան կասկածում են սպանության համար, և ողբերգության միակ վկան նրա կույր որդին է, որը սկսում է կասկածել մոր անմեղությանը։
Մայիս, դեկտեմբեր
.jpg)
Նատալի Պորտմանը և Ջուլիանա Մուրը՝ Թոդ Հեյնսի դրամայում: Ուսուցչուհին սիրահարվում է իր աշակերտին, և նրանց հարաբերությունները հայտնվում են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Իսկ քսան տարի անց նրանք, արդեն ամուսնացած, տանն ընդունում են դերասանուհու, որը պետք է խաղա իրենց կյանքի մասին պատմող ֆիլմում։ Սակայն այցը միայն խորացնում է տարաձայնություններն ամուսինների միջև և հանգեցնում անուղղելի հետևանքների։
Սարդոստայն
Դրամա հենց Հարավային Կորեայից, որի իրադարձությունները ծավալվում են 1970-ականներին, երբ ռեժիսորը որոշում է վերանկարահանել արդեն ավարտված «Սարդոստայն» թրիլլերի ավարտը:


