
տուր
01 Հունվար 1970 - 12:21
- 
Դեկտեմբերի 7-ին կկայանա ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը։ 55 երկիր բաժանվել է 6 զամբյուղի։ Հայաստանի հավաքականը նախավերջին՝ 5-րդ զամբյուղում է։ Այս թիմերն էլ վիճակահանության արդյունքում բաժանվելու են 10 ենթախմբի, որոնց հաղթող թիմերը կստանան Մունդիալի ուղիղ ուղեգիր։
Մեր հավաքականի մրցակիցներին դուք կարող եք իմանալ 21։00-ից՝ հետևելով Vivaro News-ի ուղիղ հեռարձակմանը։ Իմ գործընկեր Ռոբերտ Գասպարյանի ու մեր հյուրերի Ռոբերտ Արզումանյանի ու Արթուր Ոսկանյանի հետ միասին կհետևենք վիճակահանության ընթացքին ու կանցկացնենք հետաքրքիր քննարկումներ։ Բացի դրանից, երկրպագուները հնարավորություն կունենան շահել հավաքականի տնային մարզաշապիկներ՝ գուշակելով մեր հակառակորդներին ընտրական փուլում։ Մինչև այդ ես նույնպես կփորձեմ կանխագուշակել մեր խումբը ու օգնել խորհուրդներով մեր ընթերցողներին։
Հայաստանի հավաքականն այս պահին ունի հավանական 44 մրցակից։ Մեր ընտրանու հետ նույն խմբում չեն կարող ընդգրկվել 5-րդ զամբյուղում ընդգրկված հետևյալ թիմերը.
Ոչ նախընտրելի խումբ՝ Բելգիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Սլովենիա, Հայաստան, Մալթա
Բելգիայի հավաքականը բավականին բալանսավորված կազմ ունի և խաղի կայունությամբ այս պահին գերազանցում է ավանդական թոփ-հավաքականներին: Շվեյցարացիներն Ազգերի լիգայում լուրջ դիմադրություն ցույց տվեցին Գերմանիայի ու Իսպանիայի ընտրանիներին, հիմնականում Բունդեսլիգայում հաջողությամբ հանդես եկող ֆուտբոլիստներով համալրված հավաքականը շատ ինտենսիվ և հարձակողական ֆուտբոլ է խաղում: Նորվեգիայի հավաքականը թեպետ Ազգերի լիգայի իր ենթախմբում բավարարվեց 2-րդ տեղով՝ զիջելով Ավստրիային, բայց երիտասարդ ու հավակնոտ թիմ ունի (Հալանդն էլ է այնտեղ) և արդեն մոտ ապագայում կարող է լուրջ խնդիրներ լուծել: Սլովենիայի հավաքականը հաղթանակեց Ազգերի լիգայի իր ենթախմբում, խաղում է ընդգծված թիմային ֆուտբոլ, բայց ունի նաև լիդերներ՝ ի դեմս Օբլակի և Իլիչիչի: Դե իսկ Մալթայի հավաքականը լավ տպավորություն թողեց D լիգայում, թեև այդ զամբյուղի հավաքականների միջև խաղամակարդակների տարբերությունն այդքան էլ մեծ չէ:
Նախընտրելի խումբ՝ Խորվաթիա, Ռումինիա, Հունաստան, Բուլղարիա, Հայաստան, Ջիբրալթար
Այո՛, Խորվաթիայի հավաքականն աշխարհի գործող փոխչեմպիոնն է, բայց հիմա այնտեղ սերնդափոխության գործընթաց է ընթանում, այս թիմին չհաջողվեց Ազգերի լիգայում արժանապատիվ պայքար մղել ֆրանսիացիների ու պորտուգալացիների հետ, հիմա խորվաթներն ավելի հարմար մրցակից են, քան նույն դանիացիները, որոնք ունեն շատ հավակնոտ հավաքական՝ համալրված թոփ-5 լիգաներում անուն հանած խաղացողներով: Ռումինայի ընտրանին միայն համեմատության կարգով է հարմարավետ մրցակից, իրականում պինդ հավաքական է, բայց նրա հետ միանշանակ կարելի է պայքարել նաև հաղթանակի համար: Հունաստանի հավաքականում սերնդափոխության գործընթաց է, երիտասարդ շատ լավ ֆուտբոլիստներ կան, հաջողվեց Ազգերի լիգայում նաև 2-րդ տեղը գրավել՝ հետ մնալով սլովենացիներից, սակայն այս ընտրանին նույնպես համեմատության կարգով ցանկալի մրցակից է: Բուլղարիայի հավաքականը ներկայումս լավ օրեր չի ապրում, վկայություններից մեկն էլ ձախողված ելույթն էր Ազգերի լիգայում, ինչի հետևանքով նահանջեց C լիգա: Դե իսկ Ջիբրալթարի հավաքականից կրած անմոռանալի պարտությունը թող տարակուսանքի պատճառ չդառնա, այդ թիմին հաջորդ իսկ խաղում հաղթեցինք 6-2 հաշվով, ու հիմա կարելի է պնդել, որ նոր հանդիպման պարագայում դժվար թե լուրջ խնդիր ունենանք:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
