Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության մեկնարկային խաղից առաջ փոխհրաձգություն է եղել Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում, հայտնում է ABC-ն։
Մի տղամարդ հուլիսի 20-ի առավոտյան ներխուժել է Օքլենդի կենտրոնում գտնվող բարձրահարկ շինհրապարակ և կրակել աշխատողների վրա՝ սպանելով երկու հոգու:
Կրակոցներ արձակած տղամարդուն սպանված են գտել ոստիկանների հետ փոխհրաձգությունից հետո, որի ժամանակ մի սպա վիրավորվել է։ Վիրավորվել են նաև չորս խաղաղ բնակիչներ։
Հրաձգությունը տեղի է ունեցել այն հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել է Նորվեգիայի հավաքականը:
Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսը հայտարարել է, որ մրցաշարը կանցնի նախատեսվածի պես: Նոր Զելանդիա - Նորվեգիա բացման խաղից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ 2023թ. ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկրներից է նաև Ավստրալիան:


