Լեհ հանրահայտ մրցավար Շիմոն Մարցինյակին առաջարկել են սպասարկել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը, հաղորդում է լեհական Kanał Sportowy-ն:
Նման առաջարկ եղել է Մադրիդի «Ռեալի» ու իսպանացի մրցավարների միջև սկանդալի ֆոնին: Չնայած դրան՝ արդյունքում որոշվել է, որ մրցավարական փոփոխություն տեղի չի ունենա, թեպետ, ինչպես պարզել է աղբյուրը, դա հնարավոր էր՝ հաշվի առնելով ստեղծված արտակարգ իրավիճակը: Ի դեպ, ըստ աղբյուրի՝ լեհ մրցավարն է հրաժարվել առաջարկից:
Շիմոն Մարցինյակը եզրափակիչներ սպասարկելու մեծ փորձ ունի. 2018/19 մրցաշրջանում նա եղել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղի մրցավարը, սպասարկել է աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչը, Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչը, 2024 թվականի ԱԱԱ-ի եզրափակիչը և այլն:
Ապրիլի 25-ը սկանդալային էր իսպանական ֆուտբոլում. առաջիկա «Էլ Կլասիկոյի» մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան ասուլիսի ժամանակ արտասվել էր, երբ խոսել էր Մադրիդի «Ռեալի» պաշտոնական հեռուստաալիքի կողմից իր հասցեին հնչած մեղադրանքներից: «Ռեալն» այնուհետև պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով մրցավարի ու տեսակրկնությունների գծով նրա օգնականի հայտարարություններն ասուլիսին.
«Այս բողոքի նոտաները, որոնք զարմանալիորեն ուշադրությունը կենտրոնացրել են խոսքի ազատությամբ պաշտպանված «Ռեալ Մադրիդ» հեռուստաընկերության տեսանյութերի վրա, դիտավորյալ են իրականացվում խաղից 24 ժամ առաջ եզրափակիչի մասնակիցներից մեկի դեմ, ևս մեկ անգամ ցույց են տալիս այս մրցավարների հստակ և ակնհայտ թշնամանքը «Ռեալի» նկատմամբ»,- հայտարարել էր «Արքայական ակումբը»:
«Ռեալը», տեղի ունեցածով պայմանավորված, հրաժարվել էր խաղին նախորդող մի շարք միջոցառումներ անցկացնելուց, այդ թվում՝ նախախաղային մարզումից, ասուլիսից և պաշտոնական ընթրիքից: Իսպանական որոշ աղբյուրներ հայտնում էին, թե մադրիդյան գրանդը պատրաստվում է բոյկոտել եզրափակիչը, քանի դեռ մրցավարական անձնակազմը չի փոխվել: «Ռեալը», սակայն, հանդես եկավ երկրորդ պաշտոնական հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ ակումբը երբեք չի մտածել խաղը բոյկոտելու մասին և որ ներկայանալու է եզրափակիչին:
Այս ընթացքում «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալն է հրապարակում կատարել՝ գրելով. «Լռությունն ավելի բարձր է խոսում»:
Մադրիդի «Աթլետիկոն» էլ «մրցավարների հետապնդումը դադարեցնելու» կոչ է արել:
«Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև եզրափակիչը կկայանա ապրիլի 26-ին Սևիլիայում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:55-ին:


