Logo

Կամո Հովհաննիսյանը գերազանցեց Վարազդատ Հարոյանի տարիքային ռեկորդը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:24 / 14.11.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հունգարացիների հետ աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում 33-ամյա Կամո Հովհաննիսյանը Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով 93-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ և գերազանցեց վերջերս հավաքականին հրաժեշտ տված Վարազդատ Հարոյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում հավաքականում բոլորից շատ՝ 92 խաղ էր անցկացրել:

Վարազդատ Հարոյանն իր հերթին գերազանցել էր Սարգիս Հովսեփյանի 20-ամյա վաղեմության ցուցանիշը: Վերջինս այդ տարիքում Հայաստանի ազգային հավաքականում բոլորից շատ՝ 77 խաղ էր անցկացրել: Դա տեղի էր ունեցել այս տարվա մարտի 20-ին Երևանում Վրաստանի հետ կայացած Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի խաղում: Այդ օրը Վարազդատ Հարոյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 90-րդ անգամ էր խաղադաշտ դուրս եկել:

Խաղերից 30-ը Կամո Հովհաննիսյանն անցկացրել է աշխարհի, 19-ը՝ Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում, 16 անգամ մասնակցել է Ազգերի լիգայի հանդիպումներին, 28 անգամ էլ խաղադաշտ է դուրս եկել հավաքականի ընկերական հանդիպումներում:

Կամոն հավաքականի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից ամենափորձառուն է: 33-ամյա ֆուտբոլիստը կարող է մեկ այլ, ավելի նշանակալի նվաճման հասնել, եթե հաջորդ մրցաշրջանում էլ շարունակի ելույթները հավաքականում: Սարգիս Հովսեփյանից հետո փորձառու պաշտպանը կարող է դառնալ Հայաստանի ազգային հավաքականում 100 խաղի սահմանագիծը հատած 2-րդ ֆուտբոլիստը:

Հովհաննիսյանի նորամուտը հավաքականում տեղի է ունեցել է 2012թ. փետրվարի 28-ին սերբերի հետ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած ընկերական խաղում (0-2): Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 19-ամյա պատանի ֆուտբոլիստին ընդմիջումից անմիջապես հետո խաղադաշտ դուրս բերեց Մասիս Ոսկանյանի փոխարեն:

Սերբերի հետ հանդիպմանը ՀՀ հավաքականը ներկայացել էր երիտասարդական կազմով: Բացի Հովհաննիսյանից, այդ օրը հավաքականում իրենց առաջին խաղն անցկացրին նաև Գրիգոր Մելիքսեթյանը, Գագիկ Դաղբաշյանը, Ղուկաս Պողոսյանը, Մասիս Ոսկանյանը, Վալտեր Պողոսյանն ու Անդրանիկ Ոսկանյանը:

Կանադայի հետ հաջորդ օրն անցկացրած խաղում հավաքականն արդեն իր հիմնական կազմով էր, որին հաջողվեց հաղթել 3-1 հաշվով: Կամո Հովհաննիսյանն այդ խաղում մի քանի րոպե անցկացրեց խաղադաշտում՝ ավելացված ժամանակում փոխարինելով Լևոն Հայրապետյանին:

Պաշտոնական առաջին խաղը հավաքականում Հովհաննիսյանն անցկացրել է 2013թ. մարտի 26-ին չեխերի հետ Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական հանդիպման ժամանակ, որում մեր ազգային թիմը 0-3 խոշոր հաշվով զիջել էր մրցակցին: Հավաքականում արդեն որոշակի փորձ կուտակած և ընկերական 7 հանդիպման մասնակցած Կամոն մեկնարկային կազմում էր ու խաղադաշտում մնաց մինչև խաղավերջ:

2019թ.  նոյեմբերի 18-ին Պալերմոյում Իտալիայի հավաքականի հետ կայացած ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի հանդիպումը (1-9) Կամո Հովհաննիսյանի հոբելյանական՝ 50-րդ խաղն էր Հայաստանի հավաքականի կազմում: Նա համալրեց Արթուր Պետրոսյանի անվան խորհրդանշական «50-ի ակումբի» շարքերը: Հետաքրքիր է, որ այդ խաղում նման հոբելյան էր նշել նաև Կամոյի խաղընկեր Վարազդատ Հարոյանը:

Հովհաննիսյանին բախտ է վիճակվել 3 անգամ կրելու հավաքականի ավագի թևկապը: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2021թ. հունիսի 1-ին խորվաթների հետ հյուրընկալվելիս կայացած ընկերական խաղում: 4 օր անց շվեդների հետ կայացած ընկերական խաղում Կամոն կրկին հավաքականի ավագն էր: Վերջին անգամ նա ավագի թևկապը կրել է 2022թ. հունիսի 11-ին Լոձում ուկրաինացիների հետ անցկացրած Ազգերի լիգայի խաղում:

Հավաքականում Հովհաննիսյանը 3 գոլի հեղինակ է դարձել: Նա գոլերի հաշիվը բացել է 2020թ. հոկտեմբերի 14-ին էստոնացիների հետ Տալլինում կայացած Ազգերի լիգայի խաղում (1-1): Հանդիպման 8-րդ րոպեին Կամոն գրավեց Կառլ Հեյնի պաշտպանած դարպասը՝ բացելով հաշիվը:

Հաջորդ տարվա հոկտեմբերի 8-ին իսլանդացիների հետ Ռեյկյավիկում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում էլ Հովհաննիսյանը 35-րդ րոպեին բացել էր հաշիվը, սակայն մրցակցին 2-րդ խաղակեսում հաջողվել էր պատասխան գոլը խփել:

2022թ. նոյեմբերի 16-ին Կոսովոյի հետ մրցակցի դաշտում կայացած ընկերական խաղում Կամոն 82-րդ րոպեին հավաքականին հաշվի մեջ առաջ էր մղել, սակայն ավելացված ժամանակում տանտերերը փրկվել էին պարտությունից՝ 2-2:

Կամո Հովհաննիսյանը տարիքային ռեկորդների ներկայիս ցանկում ընդամենը 6-րդ ֆուտբոլիստն է: Ռեկորդակիրը Հենրիխ Մխիթարյանն է, որը տարիքային 11 ռեկորդի հեղինակ է: Սարգիս Հովսեփյանին են պատկանում ռեկորդային 7 ցուցանիշներ: Հավաքականի ներկայիս ֆուտբոլիստներից բացի Կամո Հովհաննիսյանից, ցանկում է նաև երիտասարդ պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը տարիքային երկու ռեկորդի հեղինակ է ու լավ հնարավորություններ է պահպանում հետագայում գերազանցելու Մխիթարյանի ցուցանիշները:

FastNews-ը ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով ֆուտբոլիստների տարիքային ռեկորդները:

Տարիք

Ռեկորդակիր

Խաղ

Թվական

17

Էդգար Մանուչարյան       

6

2004

18

Էդգար Մանուչարյան       

9

2005

19

Էդգար Մանուչարյան

11

2006

20

Գեորգի Հարությունյան

20

2024

21

Գեորգի Հարությունյան

27

2025

22

Հենրիխ Մխիթարյան

27

2011

23

Հենրիխ Մխիթարյան

35

2012

24

Հենրիխ Մխիթարյան

43

2013

25

Հենրիխ Մխիթարյան

50

2014

26

Հենրիխ Մխիթարյան

56

2015

27

Հենրիխ Մխիթարյան

61

2016

28

Հենրիխ Մխիթարյան

70

2017

29

Հենրիխ Մխիթարյան

80

2018

30

Հենրիխ Մխիթարյան

86

2019

31

Հենրիխ Մխիթարյան

88

2020

32

Հենրիխ Մխիթարյան

95

2021

33

Կամո Հովհաննիսյան

93

2025

34

Սարգիս Հովսեփյան

83

2006

35

Սարգիս Հովսեփյան

95

2007

36

Սարգիս Հովսեփյան

102

2008

37

Սարգիս Հովսեփյան

110

2009

38

Սարգիս Հովսեփյան

117

2010

39

Սարգիս Հովսեփյան

125

2011

40

Սարգիս Հովսեփյան

132

2012

41

Ռոման Բերեզովսկի

93

2015

42

Ռոման Բերեզովսկի

94

2016

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ