Logo

Կամո Հովհաննիսյան. «Հավաքականի մարզաշապիկն ինձ համար ամենակարևորն է»

Հեղինակ
Սուրեն Մելիքսեթյան
20:56 / 25.03.2024Ֆուտբոլ
null

«Արարատ-Արմենիայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Չեխիայի թիմի դեմ արտագնա ընկերական հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին, Պրահայից հայտնում է VNews-ի թղթակիցը:

«Պատրաստվել ենք այնպես, ինչպես մյուս բոլոր հանդիպումներին: Ուսումնասիրել ենք մրցակցին: Շատ դժվար հանդիպում է սպասվում, քանի որ Չեխիայի հավաքականը որակյալ թիմ է: Եվրոպական բարձրակարգ լիգաներում հանդես եկող շատ ֆուտբոլիստներ են խաղում Չեխիայի հավաքականում:

Շատ հաճելի է, որ վաղը կանցկացնեմ 80-րդ խաղն ազգային հավաքականում: 12 տարի է՝ ինչ հանդես եմ գալիս Հայաստանի ազգային հավաքականում: Ամեն անգամ հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալուց հաճելի լարվածություն եմ զգում: Ազգային թիմի մարզաշապիկն ինձ համար ամենակարևորն է: Հուսով եմ՝ վաղվա խաղը վերջինը չի լինի ինձ համար ազգային թիմում:

Հիշում եմ չեխերի նկատմամբ Պրահայում տարած հաղթանակը, հատկապես՝ Գևորգ Ղազարյանի որոշիչ գոլը խաղի վերջին վայրկյաններին: Սա ուրիշ հանդիպում է լինելու, հնարավոր չէ կրկնել, քանի որ հավաքականները փոխվել են: Իհարկե, կփորձենք դրական արդյունքի հասնել»,- նշել է Հովհաննիսյանը:

Չեխիա - Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Պրահայի «Լետնա» ստադիոնում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կլինի «Ֆասթ Սպորտի» ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 22-ին տնային ընկերական խաղում 0-1 հաշվով պարտվել էր Կոսովոյի թիմին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ