Բրազիլիայի հավաքականի ու իտալական «Միլանի» նախկին կիսապաշտպան Կական խոսել է Չեմպիոնների լիգայի 2005 թ. լեգենդար եզրափակիչի մասին.
«Այդ եզրափակիչն ինձ համար շատ ծանր էր։ Դա իմ առաջին եզրափակիչն էր։ Մենք պարտվեցինք, սարսափելի էր։ Այդ խաղից այնքան դասեր եմ քաղել, որ չեմ կարող դժգոհել։
Իհարկե ցանկանում էինք հաղթել, բայց այդ պարտությունը մեզ ավելի ուժեղ դարձրեց։ Յուրաքանչյուր խաղում ցանկանում էի դաշտ դուրս գալ ու հաղթել։ Երկու տարի անց մեզ հաջողվեց նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը։
Այնպես որ, ես շատ գոհ եմ, թե ինչպես ամեն ինչ ստացվեց: Կարծում եմ` 2005 թ. եզրափակիչը լավագույններից է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ»,- մեջբերում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ 2005 թ. եզրափակիչում «Միլանը» 11-մետրանոցներով պարտվել էր անգլիական «Լիվերպուլին»։ Հանդիպման առաջին խաղակեսից հետո «Ռոսոներին» հաղթում էր 3-0 հաշվով, սակայն մերսիսայդյան ակումբը վեց րոպեում երեք գոլ էր խփել ու անհավանական «քամբեք» գրանցել։ Երկու տարի անց «Միլանը» ռևանշի էր հասել «Լիվերպուլի» նկատմամբ` եզրափակիչում հաղթելով 2-1 հաշվով։


