ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի հիմնադրամի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ ծրագիրը, որը նվիրված է ֆուտբոլի մասսայականացմանը։ Հիմնադրամի ղեկավար Յուրի Ջորկաեֆն ու ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպեցին ու զրուցեցին միջոցառմանը մասնակցող երեխաների հետ։ Պաշտոնական արարողության ավարտից հետո Յուրի Ջորկաեֆը միացավ մարզվող երեխաներին ու նրանց հետ ֆուտբոլ խաղաց։
Ջորկաեֆի խոսքով՝ այս ծրագրի նպատակը Հայաստանում մասսայական սպորտի զարգացումն է։ Այն կարող է խթանել Հայաստանի պես փոքր երկրում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը․
«Այս միջոցառումը նպատակ ունի հետաքրքրություն առաջացնել սպորտի ու ֆուտբոլի նկատմամբ։ Գուցե երեխաները հենց այս մարզումից հետո հասկանան, որ սիրում են ֆուտբոլն ու սկսեն աջակցել ակումբներին, կամ էլ Հայաստանի հավաքականին»,-ասել է Ջորկաեֆը։
Նրա խոսքով՝ միջոցառումը Երևանում անցկացնելու տարբերակը Ջորկաեֆը միայնակ չի կայացրել։ Այն ՖԻՖԱ-ի հետ քննարկման արդյունքում է որոշվել։ Այսօրինակ միջոցառում անցկացվում է առաջին անգամ։ Առաջիկա ամիսներին այսպիսի ծրագրեր կանցկացվեն նաև այլ երկրներում։
- 15















