Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Թբիլիսիում էլ ավելի խոշոր՝ 1-6 հաշվով պարտվեց Վրաստանին: Երկխաղյա դիմակայությունում վրացիներին զիջելով ընդհանուր 1-9 հաշվով, Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում էլ հանդես կգա C դիվիզիոնում:
FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1.Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով կրած երկու անընդմեջ պարտությամբ ավարտեց Ազգերի լիգայի 2024/25թթ. մրցաշարը: Անցկացրած 8 խաղերից 2-ում Հայաստանի հավաքականը հաղթեց, մեկում գրանցվեց ոչ-ոքի, 5-ում պարտվեց, խփեց 9 գոլ, բաց թողեց 18 գնդակ:
2. Ազգերի լիգայի մրցաշարերում Հայաստանի հավաքականն անցկացրած 26 հանդիպումներում 9 հաղթանակ է տոնել, 4 անգամ գրանցվել է ոչ-ոքի, 13 խաղում պարտվել է, խփել է 36 գոլ, բաց է թողել 49 գնդակ:
3. Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարերում խոշոր հաշվով 5-րդ պարտությունը կրեց: Նախորդ խաղարկությունում մեր ֆուտբոլիստները Խոակին Կապառոսի գլխավորությամբ պարտվել էին Ուկրաինայի (0-3, 0-5) և Շոտլանդիայի (1-4) hավաքականներին:
4. Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ 3-րդ անգամ մրցակցին զիջեց 1-6 հաշվով: Առաջին պարտությունը գրանցվել է 2014թ. հունիսի 6-ին Գերմանիայի հավաքականի հետ Մայնցում կայացած ընկերական խաղում: Ընդ որում բոլոր գոլերն էլ խփվել էին 2-րդ խաղակեսում: Հայաստանի հավաքականը գլխավորում էր Բեռնար Շալանդը:
Այդ հաշվով 2-րդ պարտությունը հավաքականը կրել է Արթուր Պետրոսյանի օրոք լեհերից 2017թ. հոկտեմբերի 5-ին Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: Մինչև ընդմիջման գնալը լեհերը 4 անպատասխան գնդակ էին խփել Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը:
5. ՀՀ հավաքականը վրացիների հետ անցկացրած 9-րդ խաղում 5-րդ պարտությունը կրեց: Մեր ֆուտբոլիստները տարել են 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտել են ոչ-ոքի, խփել են 9 գոլ, բաց են թողել 23 գնդակ:
Մեր հավաքականը վրացիներից խոշոր հաշվով 3-րդ պարտությունը կրեց: Հիշեցնենք, որ առաջինը գրանցվել էր 1997թ. մարտի 30-ին Թբիլիսիում կայացած ընկերական խաղում, որում մեր հավաքականը Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ պարտվել էր 0-7 հաշվով:
6. Ջոն վան'տ Սխիպը Հայաստանի ազգային հավաքականը գլխավորած միակ մարզիչն է, որ նորամուտը նշեց խոշոր հաշվով երկու անընդմեջ պարտությամբ: Իսկ ընդհանրապես հավաքականում իրենց գործունեությունը 2 պարտությամբ են սկսել Հենկ Վիսմանը, Վարդան Մինասյանը, Սարգիս Հովսեփյանը և Աբրահամ Խաշմանյանը: Ռեկորդակիրը Բեռնար Կազոնին է, որի գլխավորությամբ անցկացրած առաջին 4 խաղերում էլ հավաքականը պարտվել է:
7. Էդգար Սևիկյանը բացեց գոլերի հաշիվն Ազգերի լիգայի մրցաշարում՝ խփելով Հայաստանի ազգային հավաքականում իր 2-րդ գնդակը: Հավաքականում առաջին գոլը Սևիկյանը խփել էր անցյալ տարվա մարտի 26-ին չեխերի հետ Պրահայում կայացած ընկերական խաղում (1-2):
Սևիկյանն ընդգրկվեց Ազգերի լիգայի մրցաշարերում հավաքականում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների հնգյակում՝ վրացիների դարպասը գրավելով 23 տարեկան 227 օրականում: Ցանկը գլխավորում է Արթուր Քարտաշյանը, որը Ջիբրալթարի հավաքականի դարպասը գրավել է 21 տարեկան 312 օրականում:
8. Տիգրան Բարսեղյանը Հայաստանի ազգային հավաքականում հոբելյանական՝ 60-րդ հանդիպումն անցկացրեց: Հավաքականում նրա նորամուտը կայացել է 2016թ. մարտի 25-ին Բելառուսի հետ Երևանում անցկացված ընկերական խաղում: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը 81-րդ րոպեին Բարսեղյանին խաղադաշտ էր դուրս բերել Էդգար Մանուչարյանի փոխարեն:
9. Վրաստանի հետ Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումն Օգնյեն Չանչարևիչի ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 400-րդ խաղն էր: Խաղերից 234-ը սերբ դարպասապահն անցկացրել է հայկական ակումբներում, 19-ը՝ Հայաստանի ազգային հավաքականում, 147-ը՝ արտերկրի թիմերում:
Չանչարևիչը հավաքականում նորամուտը նշել էր 2023թ. հունիսի 16-ին Ուելսի հավաքականի հետ Կարդիֆում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում, որում մեր ֆուտբոլիստները հաղթել էին 4-2 հաշվով: Հավաքականում անցկացրած 19 հանդիպումներում Չանչարևիչը 35 գոլ է բաց թողել:
10. Ազգերի լիգայի ավարտված խաղարկությունում անցկացրած 8 հանդիպումներում Հայաստանի հավաքականի կազմում ընդհանուր առմամբ խաղադաշտ են դուրս եկել 26 ֆուտբոլիստներ: Նրանցից 6-ը՝ Օգնյեն Չանչարևիչը, Վարազդատ Հարոյանը, Ուգոչուկվու Իվուն, Գեորգի Հարությունյանը, Նաիր Թիկնիզյանը և Վահան Բիչախչյանը մասնակցել են բոլոր խաղերին: Ընդ որում Չանչարևիչը և Հարոյանը խաղացել են առանց փոխարինման:
Ազգերի լիգայի մրցաշարում հավաքականի կազմում առավել արդյունավետ գործեցին Էդուարդ Սպերցյանն ու Լուկաս Սելարայանը՝ խփելով 2-ական գնդակ: Մեկական գոլի հեղինակ դարձան Վահան Բիչախչյանը, Գոռ Մանվելյանը, Արթուր Միրանյանն ու Էդգար Սևիկյանը, մեկ գնդակ էլ սեփական դարպասը խփեց լատվիացի Կասպարս Դուբրան: