Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը մեկնաբանեց իր համար նորամուտի խաղում Վրաստանի թիմից կրած 0-3 հաշվով պարտությունը:
«Խաղի արդյունքն օրինաչափ է: Ոչ պարտադիր սխալներ թույլ տվեցինք գոլերի դրվագներում: Բայց սա այն իրավիճակն է, որում այժմ գտնվում է Հայաստանի հավաքականը:
Երկու հավաքականների միջև գլխավոր տարբերությունն այն է, որ վրացիներն ավելի հասուն խաղ են ցուցադրում:
Հավանաբար պատասխան մրցավեճում այլ խաղացողների ևս գործի մեջ կտեսնենք: Առաջիկա օրերին կմտածենք այդ ուղղությամբ:
Նաև դրական կողմեր ուներ այս խաղը: Բարսեղյանը վերադարձավ, լավ որակներ ցույց տվեց: Գոհ եմ նրա խաղից: Էդգար Սևիկյանը ևս լավ խաղով աչքի ընկավ»,- ասաց նիդերլանդցի մասնագետը:
Մանրամասները` տեսանյութում:
Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի այս դիմակայության պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիում, կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Պատասխան խաղը ևս կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Դիմակայության հաղթողը կնվաճի B դիվիզիոնի ուղեգիր: