Logo

Ջոն վան'տ Սխիպ. «Մեր հիմնական նպատակն ԱԱ-2026-ի որակավորման փուլին լավ պատրաստվելն է»

19:55 / 19.03.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը մամուլի ասուլիսում խոսել է Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆի առաջիկա հանդիպման և այլ թեմաների մասին։

Վրաստանի հավաքականի և Ժորժ Միկաուտաձեի մասին

«Վրաստանի թիմին հանդիպել եմ դեռ Հունաստանի հավաքականը մարզելիս։ Գիտեմ, որ վերջին 3-4 տարիներին շատ մեծ առաջընթաց է գրանցել։ Դա է վկայում նաև այն, որ կարողացան որակավորվել Եվրո-2024-ին և լավ ելույթներ ունեցան։ Վրաստանի հավաքականը բավական բարդ մրցակից է, սակայն մեզ համար սա նույնպես լավ մարտահրավեր է և օրինակ, թե ինչպես կարելի է փոքր երկիր ունենալու դեպքում հասնել հաջողության։

«Այաքսում», ցավոք, այնպիսի ժամանակներ էին, որ չէի կարողանում շատ խաղաժամանակ տրամադրել Ժորժ Միկաուտաձեին։ Ակումբում այլ հարձակվողներ էլ էին հանդես գալիս, բայց նա իր աշխատասիրության շնորհիվ այժմ հանդես է գալիս «Լիոնում»։

Հայաստանի հավաքականից տպավորությունների մասին

«Իրականում թիմի հետ ծանոթանալու շատ քիչ ժամանակ եմ ուենցել: Բացի այն, որ ժամանակն է քիչ, խաղալու ենք այս շրջափուլի առաջին օրը։ Կարող եմ նշել, որ այս ընթացքում մեծ նվիրվածություն եմ տեսել և դրական էներգիա ֆուտբոլիստների կողմից»։

Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին

«Առաջին հերթին հիշել եմ Հունաստանի հավաքականի փորձը։ Ցանկանում էի նմանատիպ փորձառություն ունենալ նաև Հայաստանում։ «Այաքսից» հետո ցանկանում էի կրկին հավաքական մարզել։ 2019 թվականին, երբ Հունաստանի հավաքականի ղեկին ժամանել էի Հայաստան, շատ էի զարմացել ու հիացել առկա ենթակառուցվածքներով»։

Հայ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի հետ ծանոթ լինելու և Fastex Պրեմիեր լիգայից խաղացողներ հրավիրելու մասին

«Մենք արդեն 3-4 շաբաթ է՝ Հայաստանում ենք և բավական շատ հանդիպումներ ենք դիտել։ Կարող եմ ասել` բոլոր այն ֆուտբոլիստների համար, որոնք արժանի կլինեն հրավիրվելուն, բաց են հավաքականի դռները։ Արդեն հրավիրել ենք որոշ ֆուտբոլիստների, որոնց հետ հույսեր ենք կապում։

Մենք մի քանի շաբաթ ենք այստեղ և սկսում ենք քիչ-քիչ ծանոթանալ հայկական ֆուտբոլին։ Հուսով եմ` Հայաստանի առաջնությունում խաղացող ֆուտբոլիստները կկարողանան բարելավել խաղամակարդակը և ավելի լավ թիմերում հանդես գալ։

Հայաստանի առաջնությունում խաղալով` ֆուտբոլիստները կարող են խաղամակարդակը բարձրացնելու փորձեր անել։ Հաճույք եմ ստացել Հայաստանի Պրեմիեր լիգայի որոշ հանդիպումներ դիտելուց»։

Հայաստանի հավաքականի նպատակների մասին

«Մեր  հիմնական նպատակն ԱԱ-2026-ի որակավորման փուլին լավ պատրաստվելն է։ Կարճաժամկետ նպատակները` Վրաստանի թիմի դեմ լավ հանդիպում անցկացնելը և մրցակցի համար դժվարություններ ստեղծելը»։

Վրաստանի հավաքականից տպավորությունների մասին

«Ինչպես արդեն նշեցի, Վրաստանի հավաքականը շատ լավ թիմ ունի։ Ազգերի լիգայում և որակավորման փուլերում լավ հանդիպումներ են ունեցել։ Ցավոք, մեզ չեն կարող օգնել երկու շատ ուժեղ խաղացողներ` Սելարայանն ու Սպերցյանը, բայց մյուս կողմից էլ լավ հնարավորություն է այլ խաղացողների համար»։

Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան - Վրաստան հանդիպումը կկայանա մարտի 20-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին: Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ