Սերբիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հորեղբայրը՝ Գորան Ջոկովիչը, հայտնում է RMC Sport-ը։
Գորան Ջոկովիչը, որը նախկինում զբաղեցնում էր ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը, ղեկավարի պաշտոնում փոխարինել է Միրկո Պետրովիչին: Նա 9 տարի Սերբիայի թենիսի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո հրաժարական էր տվել:
«Իմ նպատակն է բարելավել այն, ինչ մենք արդեն սկսել ենք անել։ Մենք ոչ ենթակառուցվածքներ ունենք, ոչ ազգային մարզումային կենտրոն։ Ցանկանում եմ շտկել այս խնդիրները»,- ընտրվելուց հետո ասել է աշխարհի չորրորդ ռակետի հորեղբայրը: