«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը երախտագիտություն է հայտնել «Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսին ու US Open-2009-ի հաղթող Խուան-Մարտին դել Պոտրոյին, որոնք ներկա են եղել Մայամի «Մասթերսում» Նովակի հանդիպմանը, հայտնում է ATP-ի կայքը:
«Ես ապշած էի: Հիասքանչ էր սկզբում տեսնել Դել Պոյին՝ վաղեմի ընկերոջս ու մրցակցիս: Ուրախ եմ, որ նա առաջին անգամ իմ թիմի հետ էր դիտում խաղը: Շնորհակալ եմ, որ եկել էր:
Սերենային տեսնելը նույնպես անակնկալ էր. չգիտեի, որ գալու է: Իմ պտտեցրած հարվածներից մեկից հետո նրան հարցրի, թե ինչ կարծիքի է: Նա ասաց. «Այո՛, վատը չէր»: Եթե Սերենան ասում է՝ հարվածը վատը չէր, ուրեմն՝ մյուսների համար այն արտակարգ է»,- ասել է 37-ամյա սերբը:
Մայամի «Մասթերսի» քառորդ եզրափակիչում Ջոկովիչը կմրցի Սեբաստիան Կորդայի հետ:


