Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ջո Քոուլը խոսել է Բելգիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էդեն Ազարի՝ կարիերան ավարտելու մասին։ Հոկտեմբերի 10-ին 32-ամյա բելգիացին հայտարարել էր պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
«Նա պետք է լիներ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Լուկա Մոդրիչը հաղթեց «Ոսկե գնդակը», բայց դա կարող էր անել նաև Ազարը։ Նա չկարողացավ այնպիսի կյանքով ապրել, ինչպես օրինակ Կրիշտիանու Ռոնալդուն։
Սառույցով լոգանքն ու նմանատիպ բաները Ազարի համար չէին։ Եթե նա այդպես վերաբերվեր իր աշխատանքին, նա կհաղթեր անհատական յուրաքանչյուր մրցանակ։ Բայց Ազարն ընտրեց իր ուղին»,-Քոուլի խոսքն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ այս տարվա ամռանն Էդեն Ազարը խզել էր Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիրը։ Ակումբային կարիերայի ընթացքում բելգիացին խաղացել է նաև ֆրանսիական «Լիլում» (2007-2012) ու Լոնդոնի «Չելսիում» (2012-2019)։ 2019-ին «Արքայական ակումբը» 115 միլիոն եվրո էր վճարել նրա տրանսֆերի համար։