Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գոհ է իտալական Ա Սերիայի 23-րդ տուրի՝ «Միլանի» հետ արտագնա խաղում գրանցած գոլազուրկ ոչ-ոքիից՝ հաղորդում է Football Italia-ն։
«Լավ հանդիպում էր։ Հիմնական մրցակիցների հետ խաղերի մեծ հատված անցկացրինք։ Եթե այսօր պարտվեինք, ապա «Միլանին» արդեն 10 միավոր կզիջեինք։ Մեզ անհրաժեշտ է հանգիստ և կենտրոնացած գործել գրոհի եզրափակիչ փուլում, բայց շտապում ենք և սխալվում վերջին փոխանցումը կատարելիս։
Այսօր շատ պայքար կար, գերակշռում էին կոշտ մենապայքարները, իսկ խաղը հավասար էր, ուստի օրինաչափ է նաև ոչ-ոքին։ Կարծում եմ՝ երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ էինք գործում, թեպետ մրցակիցը լավն էր։
Գոհ եմ, որովհետև տղաներն սկսել են ավելի շատ թիմային ֆուտբոլ խաղալ և հասկանալ, թե ինչպես է պետք վերահսկել գնդակը պաշտպանվելիս և գրոհելիս։ Այդ առումով առաջադիմում ենք։ Ֆուտբոլիստներն ավելի վստահ են դարձել, քանզի վերջին 12 խաղերից 8-ում գոլ բաց չենք թողել, իսկ դա լավ նշան է»,- ասել է Ալեգրին։
«Յուվենտուսը» 42 միավորով ընթանում է 5-րդ տեղով, իսկ 7 միավոր ավելի վաստակած «Միլանը» 3-րդն է։ Աղյուսակը 53 միավորով գլխավորում է «Ինտերը»։