«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խաղում «Արսենալի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակը։
«Իսկապես շատ կարևոր 3 միավոր էր։ Հրաշալի էր գալ այստեղ և հաղթել «Արսենալին», իսկ այսպես հաղթելն ավելի յուրահատուկ է։ Մենք հոյակապ սկսեցինք, հետո խաղն ավելի բաց դարձավ։ Երկու թիմերն էլ համբերատար էին։ Այնքան էլ լավ չէինք տիրում գնդակին։ Մրցակիցը լավ հատվածներ ունեցավ. մեզ համար դժվար պահեր էին։
Ընդմիջումից հետո ցանկացանք բարելավել մեր խաղը։ Սկսեցինք ավելի վերևից պաշտպանվել, տիրեցինք առավելությանը, և խաղը փոխվեց։
Ինչ վերաբերում է Տիագոյի սխալին, ապա նման բաներ պատահում են, բայց ավելի լավ կլիներ, որ չլիներ։ Կարծում եմ՝ նա թեթևացած շունչ քաշեց, քանի որ դարպասապահ Ալիսոնը շտկեց նրա սխալը։ Մեզ կարող էին պատժել, և մրցակիցն առաջ կանցներ հաշվի մեջ։ Սակայն հետո Ժոտան խփեց, և մենք առաջ անցանք։ Դա շատ կարևոր պահ էր»,- նշել է Կլոպը։
Անդրադառնալով չեմպիոնական մրցավազքին՝ նա ասել է, որ ուրախ է նման իրավիճակում հայտնվելու համար, բայց ընդգծել է, որ տեղին չէ խոսել արմատական փոփոխության մասին։ «Պետք է առաջ շարժվենք։ Առաջին խաղակեսում տեսա ջանասիրաբար աշխատող, իսկ երկրորդում, երբ ակտիվացանք, խաղը վայելող թիմ։ Շատ ենք ցանկանում հաճույք ստանալ այս իրավիճակից և հաղթել։ Դա հեշտ չէ։ Պետք է պահպանել ճիշտ մտածելակերպը»,- Կլոպի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հաշվետու խաղում «Լիվերպուլը», հյուրընկալվելիս հաղթելով 2։0 հաշվով, 1 միավորի հասցրեց տարբերությունն առաջին տեղով ընթացող «Մանչեսթեր Սիթիի» հետ:


