Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Պրեմիեր լիգայում անհաջող մեկնարկի և հանդերձարանում հնարավոր խնդիրների մասին։
«Ես նման բան չեմ նկատել։ Եթե խոսքը վերաբերում է խաղադաշտում ինչ-որ վեճերին, իրար վրա բղավելուն ու նմանատիպ բաներին, ապա մեր թիմում նման խնդիրներ չկան։
Բայց այն, որ ոչ մի ֆուտբոլիստ և մարզիչ գոհ չի մնացել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի արդյունքից՝ փաստ է։ Եվ դա լիովին նորմալ է։ Այնուամենայնիվ, հանդերձարանում մեզ մոտ խաղաղ մթնոլորտ է»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի արծաթե մեդալակիր «Լիվերպուլն» այս մրցաշրջանում դեռ հաղթանակ չունի։ Մեկնարկային երկու տուրերում Կլոպի թիմը ոչ-ոքի էր խաղացել «Ֆուլհեմի» (2-2) և «Քրիսթալ Փելասի» (1-1) հետ, իսկ 3-րդ տուրում 1-2 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Օլդ Տրաֆորդում» «Լիվերպուլի» միակ գոլը 81-րդ րոպեին խփել էր եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը։


