Եվրոպական ակումբները վաղուց են գրավել բրազիլական ֆուտբոլային շուկան, ու ամեն տարի այն թթի ծառի նման թափ են տալիս՝ հավաքելով դեռևս «խակ» ու հեռանկարային ֆուտբոլիստներին։ Երբ Վինիսիուս Ժունիորն ու Ռոդրիգոն տեղափոխվում էին «Ռեալ», նրանց նույնիսկ տանը լուրջ չէին ընդունում, իսկ այսօր Վինին դարձել է «սերուցքայինների» երկրորդ ամենակարևոր ու արդյունավետ ֆուտբոլիստը՝ առաջին պատվավոր տեղը զիջելով Կարիմ Բենզեմային։ Սակայն ոչ բոլոր բրազիլացիներն են հեշտ, հարթ ու սահուն, «շնորհքով ներխուժել» եվրոպական ասպարեզ։ Բրազիլացի ֆուտբոլիստների մի ստվար զանգված բառի ամենաուղիղ իմաստով կռիվ է տվել՝ ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու համար։ «Միլանի» կիսապաշտպան Ժունիոր Մեսիասը դրա ամենավառ օրինակներից է։
Եվրոպական թոփերի ուշադրությունը գրավելու համար բրազիլացի պատանիները նախ պետք է հայտնվեն իրենց երկրի ամենահեղինակավոր մարզադպրոցներում։ Օրինակ՝ նույն Վինիսիուսին «Ռեալի» սկաուտները «պեղել են» «Ֆլամենգոյից», Ռոդրիգոյին՝ «Սանթոսից»։ Ժամանակին «Կրուզեյրոն» նույնպես ուներ մանկապատանեկան ուժեղ դպրոց, սակայն ակումբի ծայրահեղ ծանր ճգնաժամը հիմնական թիմից ոչինչ չթողեց։ Այսօր «Կրուզեյրոն» հանդես է գալիս Բրազիլիայի երկրորդ դիվիզիոնում, չնայած դեռ 2013 և 2014 թվականներին կանգնում էր բրազիլական ֆուտբոլի փառքի գագաթին։ Ի դեպ, ակումբի երբեմնի հեղինակությունը վերականգնելու բարդ գործառույթն ստանձնել է անձամբ Ռոնալդոն։ Մինչև տիտղոսային մրցաշրջանների վրա հասնելը, Ժունիոր Մեսիաս անունով մի ֆուտբոլիստ՝ 20-ը հազիվ բոլորած, որոշեց «բոլոլաների» հետևից հասնել Իտալիա ու այնտեղ զբաղվել….ֆիզիկական աշխատանքով, քանի որ պետք էր կերակրել մանկահասակ երեխային ու պահել ընտանիքը։ Ֆուտբոլով զբաղվելու ժամանակը չէր։
Իտալիա տեղափոխվելու մտքին Մեսիասը հասավ ժամանակի ընթացքում։ Բելու-Օրիզոնտի նահանգում, որտեղ անցկացվում էին ներգյուղական զանազան առաջնություններ, Մեսիասը լավագույններից էր։ Հենց այդպիսի մրցաշարերից մեկում փայլելուց հետո նրան նկատեցին «Կրուզեյրոյից» ու հրավիրեցին իրենց թիմ։ Սակայն երազանքներն իրականանալու փոխարեն Մեսիսան իմացավ, թե ինչ է նշանակում «կյանքի դառը ճշմարտություն». նա չկարողացավ ամրապնդվել «աղվեսների» երկրորդ թիմում, որպեսզի արժանանա հիմնկան թիմի հրավերին։ Նա չուներ այնքան տաղանդ, որ պարզապես գնդակին դիպչելով՝ փոխեր խաղի ընթացքը։
Դրան գումարած՝ Մեսիասը ռեժիմ չպահող ֆուտբոլիստ էր։ Գյուղական թիմերում ցուցադրած խաղի համար նրան, երբեմն, վճարում էին ոչ թե դրամով, այլ տարատեսակ ապրանքով։ Հիմնականում Մեսիասը որպես վարձատրություն ստանում էր արկղերով գարեջուր։ Ուստի՝ Մեսիաս-ալկոհոլ շփումն սկսվել է դեռ շատ վաղ տարիքից։ Մի օր այդ ծանոթության հետևանքները, քիչ էր մնում, մահացու լինեին Մեսիասի համար։ Եղբոր ծննդյան տարեդարձը նշելուց հետո նա նստեց մեքենայի ղեկին։ «Ա»-ն «Բ»-ից չտարբերող ֆուտբոլիստն ալկոհոլի չափազանց մեծ ազդեցության տակ մի քանի րոպե հետո իր «փտած» մեքենայով «համբուրվեց» ծառի հետ։ Բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը. Մեսիասը «բավարարվեց» միայն «թեթև» կոտրվածքներով։
Այդ ժամանակ Մեսիասն արդեն չէր էլ համարվում «Կրուզեյրոյի» ֆուտբոլիստ։ Կանոնակարգի հաճախակի խատումների պատճառով 19-ամյա ֆուտբոլիստը մնաց առանց ակումբի։ 2 ամիս հենց այդպես «թրև գալուց» հետո Մեսիասը հայտնվեց 7-րդ դիվիզիոնը ներկայացնող «Իդեալ» թիմում։ Ճակատագրի հեգնանքով՝ «Իդեալում» խաղալու ժամանակահատվածը Մեսիասի համար իդեալական էր՝ հասկանալու համար, որ Բրազիլիայում ֆուտբոլով գումար չես բերի տուն։ 20 տարեկանում արդեն նախկին ֆուտբոլիստը որոշեց գնալ եղբոր հետքերով ու տեղափոխվեց Իտալիա՝ փախստականներով լեցուն Թուրին, որտեղ գրեթե անմիջապես տեղավորվեց որպես քարտաշ։ Յուրաքանչյուր աղյուսի հղկման համար Մեսիասն ստանում էր 20 սենթ։ Ու այստեղ գեղարվեստական ֆիլմի սցենարով Մեսիասը պետք է կարճ ժամանակում հասկանար, որ իրենը ֆուտբոլ խաղալն է, թողներ այդ գործն ու գնար դեպի փառքի գագաթնակետ։ Ավա՜ղ, ամեն ինչ այդպես չեղավ…
Ժունիոր Մեսիասն Իտալիայում գտնվելու առաջին իսկ օրվանից հասկացավ՝ Ֆուտբոլը կարող է ու պետք է լինի բացառապես սիրողական մակարդակի վրա, իսկ առաջնահերթը տուն գումար բերելն էր, որը քարտաշությամբ անել հնարավոր էր։ «Ես շատ բան եմ կարողանում անել, սիրում եմ ձեռքով աշխատանքը։ Տևական ժամանակ աշխատել եմ շինհրապարակում, եղել քարտաշ, զբաղվել էլեկտրատեխնիկայով։ Ես այն մարդկանցից չեմ, որոնք իրենց համար արցունք են թափում։ Իմ կարծիքով՝ յուրաքանչյուրին զարդարում են իր աշխատասիրությունն ու աշխատանքը, իսկ օրվա ամենահաճելի ժամն ինձ համար ընդմիջումն էր։ Ես գերադասում էի ոչ թե քնել, այլ տեղի մեծահասակների հետ զրուցել, զրուցել տարբեր թեմաների, այդ թվում՝ ֆուտբոլի մասին»,- իր կյանքի այս բարդ փուլը ժպիտով հիշում է Ժունիոր Մեսիասը։
Այդպես, Մեսիասը մի քանի տարի բառի ամենաուղիղ իմաստով գումար էր վաստակում՝ քար տաշելով։ Իտալիայում չկար մեկը, որի վրա նա կարող էր դնել իր հույսը. եղբայրը նույնպես աշխատում էր ու ամեն ինչ անում էր՝ ընտանիքը պահելու համար։ Իտալիայում գտնվելու բոլոր 3 տարիների ընթացքում Մեսիասն իր ազատ ժամանակն անցկացնում էր գործարանի նկուղում՝ զուտ զվարճանալով, շինհրապարակի իր ընկերների հետ ֆուտբոլ խաղալով։ Այդպիսի հերթական երեկոներից մեկի ժամանակ նրան նկատեցին իր նման Հարավային Ամերիկայից գաղթած այլ տղաներ։ Պերուացի մի երիտասարդ առաջարկեց նկուղից տեղափոխվել արհեստական խոտածածկ ու սիրողական մակարդակով գնդակ գլորել Sport Warique թիմի հետ։ Հանուն Մեսիասին թիմում տեսնելու այդ պերուացիներից մեկը նույնիսկ նրան տեղավորեց կենցաղային տեխնիկայի խանութում աշխատելու՝ որպես առաքիչ։
Sport Warique-ի տղաների հետ հերթական հանդիպնան ընթացքում նրա վրա ուշադրություն դարձրեց «Տորինոյի» նախկին ֆուտբոլիստ Էնցո Ռոսին (խաղակոշիկները մեխից կախելուց հետո սկսել էր մարզել իտալական նկուղներում «ապրող» թիմերին, աշխատել էր նաև «Տորինոյում»)։ Նախկին ֆուտբոլիստների շարքային հանդիպումը վերածվեց գործնականի. նորաթուխ մարզիչը Մեսիասին առաջարկեց պայմանագիր կքնել Իտալիայի 5-րդ դիվիզիոնում հանդես եկող «Կազալե» ակումբի հետ։ Սակայն բրազիլացի վինգերը մի պահ մտածելուց հետո հրաժարվեց առաջարկից՝ պատճառաբանելով, որ առաքիչի գործն իրեն ավելի մեծ եկամուտ է բերում («Կազելեում» նրան առաջարկում էին ամսական 700 եվրո, մինչդեռ առաքիչ լինելով նա վաստակում էր` 1200)։ Մարզիչը խոստացավ ամեն ինչ անել։ Էնցոյի՝ «Ես քեզ հետ կապի դուրս կգամ»-ը, որքան էլ որ զարմանալի է, «Menk Dez Kzangenk»-ի չվերածվեց. «Երկու օր անց, երբ աշխատանքի վայրում էի, Էնցոն ինձ զանգահարեց ու ասաց, որ ինձ համար ակումբը կգնա բացառության ու կվճարի 1500 եվրո աշխատավարձ» - պատմում է Մեսիասը։
«Կազելեի» կազմում Մեսիասն ընդամենը 1 տարվա ընթացքում հասցրեց դառնալ 20 գոլի հեղինակ ու օգնել իր թիմին դուրս գալ D դիվիզիոն։ «Կազելեն» այդ լիգայի համար շատ թույլ թիմ էր։ Ուստի բրազիլացի ֆուտբոլիստը նախընտրեց կրել «Կյերի» ակումբի մարզաշապիկը։ 16/17 մրցաշրջանում Մեսիասը D սերիայում խփեց 14 գնդակ ու արժանացավ ևս մեկ տրանսֆերի. այս անգամ նրան հրավիրեց լիգայի ամենաուժեղ թիմը՝ «Գոցանան»։ 17/18 մրցաշրջանում թիմը Մեսիասի շնորհիվ հաղթեց մրցաշարը, դուրս եկավ հաջորդ փուլ, իսկ 18/19 մրցաշրջանում գերազանց հանդես եկավ C սերիայում։ Մեսիասի կարիերայի աճը շարունակվեց. 19/20 մրցաշրջանը նա անցկացրեց արդեն Բ Սերիայում՝ կրելով «Կրոտոնեի» մարզաշապիկը։ Ճիշտ է՝ ժամանակի հետ Մեսիասը կորցրեց իր գոլային հոտառությունը, սակայն գտավ իրեն նոր՝ եզրային հարձակվողի դիրքում։
Հիշյալ մրցաշրջանում Մեսիասը ձևակերպեց 6+6 ու օգնեց «Կրոտոնեին» ոչ միայն հաջող հանդես գալ Բ Սերիայում, այլև ապահովել Իտալիայի ուժեղագույն լիգայի ուղեգիր, որտեղից թիմը դուրս էր մնացել 2 տարի առաջ։ Այդպես՝ ընդամենը 5 տարի կիսասիրողական ու սիրողական թիմերում քրտնաջան աշխատելուց հետո, բրազիլացի համեստ քարտաշ Ժունիոր Մեսիասը 28 տարեկանում հայտնվեց Ա Սերիայում։ Ճիշտ է՝ 2020/2021 մրցաշրջանի արդյունքում «Կրոտոնեն» «առանց ավելորդ ջանքերի» ձևակերպեց Բ Սերիայի հետադարձ տոմս, սակայն Մեսիասի ցուցադրած ֆուտբոլը (9+4) նրան թույլ տվեց շարունակել շրջագայությունը ֆուտբոլային Իտալիայում։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանն» ուշադրություն դարձրեց տարիքով, բայց անչափ համառ ու կրեատիվ վինգերի վրա և «Կրոտոնեին» վճարեց 2,6 մլն եվրո՝ վարձակալության համար։ Եթե Մեսիասը գոհացնի «ռոսոներիների» ղեկավարներին, տարվա վերջում «Կրոտոնեի» հաշվին կնստի ևս 5,6 մլն եվրո։
Ցավալի է, բայց վնասվածքների պատճառով բրազիլացի ֆուտբոլիստը նորամուտը «Միլանի» կազմում նշեց միայն հոկտեմբերի սկզբին։ Նա կես ժամով խոտածածկ դուրս եկավ «Ատալանտայի» հետ խաղին, սակայն նորից շարքից դուրս մնաց 1 ամսով։ 13-րդ տուրից սկսած՝ Մեսիասն անդադար դուրս է գալիս խաղադաշտ։ «Ջենոայի» հետ խաղում բրազիլացին դուբլ գրանցեց, սակայն իր համար կարիերայի ամենակարևոր պահը դա չէր։
«Չեմպիոնների լիգայում խաղալու մասին ընդամենը 3 տարի առաջ երազել կարող էի, իսկ «Ատլետիկոյի» հետ խաղում ոչ միայն դաշտ դուրս եկա, այլև 87-րդ րոպեին խփեցի խաղի հաղթական գնդակը, ինչի առիթով անչափ ուրախ եմ։ Հաճելի է, երբ օգնում ես թիմիդ 3 միավոր վաստակել, ինչը մեզ հնարավորություն է տալիս պայքարը շարունակելու համար»,- խաղից հետո ասում էր Ժունիոր Մեսիասը։
Իհարկե, բրազիլացի ֆուտբոլիստն այդ պահին չգիտեր, որ ընդամենը 2 շաբաթ հետո «Միլանը» պարտվելու էր «Լիվերպուլին» ու դուրս էր մնալու հետագա պայքարից։ Սակայն դա՛ չէ էականը. Մեսիասն արեց այն, ինչը շատերի համար անհնարին է։ Մի բան է, երբ ֆուտբոլիստը փոքր տարիքից է մտնում ֆուտբոլի ասպարեզ, բայց մեկ այլ բան է, երբ այդ աշխարհ տանող դուռը բացելու փոխարեն ֆուտբոլիստը կողպում է ու բռնում ընդհատակ տանող ճամփան, մի խոր անկյունում թաղում իր երազանքներն ու մտնում իրական կյանք։ Սակայն «ինչպե՞ս է հնարավոր հասարակ քարտաշից հասնել ՉԼ խաղացող ֆուտբոլիստի մակարդակի» հարցին կա հստակ պատասխան. Մեսիասի կյանքը փոխեց սարսափելի ավտովթարը։
«Արնաշաղախ պառկած էի մայթեզրին։ Ընդամենը 2 րոպե առաջ ես ահավոր հարբած էի, սակայն ծառին բախվելուց հետո սթափվեցի։ Հասցրի այդ ընթացքում կապ հաստատել Աստծո հետ ու խոստացա փրկվելու դեպքում այլևս ալկոհոլ չօգտագործել։ Աստվածաշունչն ասում է, որ ալկոհոլային խմիչքը հուսահատ մարդկանց համար է։ Ես ինձ այդպիսին չեմ համարում։ Ես ցանկանում եմ կատարել Աստծո կամքը ու բարին տարածել այս աշխարհում, երեխաներիս ապահովել բարեկեցիկ կյանքով։ Ինձ համար հագուստն ու մեքենան հպանցիկ հաճույքներ են։ Կարևորը հոգևոր հարստությունն է» - անկեղծանում է Մեսիասը։
Բրազիլացի ֆուտբոլիստն իր վերջին հարցազրույցներից մեկում ասել էր, որ ժամանակին մոտ էր ֆուտբոլից հեռանալուն, քանի որ ցանկանում էր դառնալ քահանա, սակայն նրա խոսքով՝ ի վերուստ նշան ստացավ ու գնաց այդ ճանապարհով։ Ժունիոր Մեսիասի կյանքի պատմությունը, թվում է, անիրական է։ Նման սցենարով կարելի է մոտիվացիոն ֆիլմեր նկարահանել։ Գուցե ժամանակին Մեսիասի մասին պատմող ինչ-որ «նետֆլիքսյան» սերիալ հայտնվի, բայց մինչև այդ բրազիլացին ինքը կլրացնի իր կյանքի տարեգրության էջերը, որոնք դեռ պետք է լցվեն նմանատիպ ուժեղ պատմություններով։
Կարդացեք նաև՝