Բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթներն ավարտելուց հետո Իտալիայից Երևան կժամանի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 03:20-ին՝ Աթենք-Երևան չվերթով, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Հիշեցնենք, որ Աշիկ Գրիգորյանի գլխավորած թիմն Իտալիայում նվաճել էր 5 մեդալ, այդ թվում՝ 2 ոսկե։ Եվրոպայի պատանեկան չեմպիոն էին դարձել Համլետ Պատուրյանի մարզադպրոցի սան Վաղարշակ Քեյանն (46 կգ) ու արցախցի Էրիկ Առստամյանը (52 կգ)։ Երանոս Օհանյանը (70 կգ) վնասվածքի պատճառով չէր մասնակցել եզրափակիչին և բավարարվել էր արծաթե մեդալով:
Դավիթ Սաֆարյանն (50 կգ) ու Ռաֆայել Ներսիսյանը (60 կգ) նվաճել էին բրոնզե մեդալներ։
Տղաների թիմային պայքարում Հայաստանի հավաքականը զբաղեցրել էր առաջին տեղը։ Հայաստանի թիմը ԵԱ-ին մասնակցում էր 16 մարզիկով (13 տղա, 3 աղջիկ)։