Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ջուլիետա Ավանեսյանն արծաթե մեդալակիր դարձավ կանանց գերծանր քաշային կարգում (+87 կգ)։
Մ20 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը երկամարտում գրանցեց 206 կգ (95+111) արդյունք։ Պոկում վարժությունում Ջուլիետա Ավանեսյանը նվաճեց ոսկե մեդալ, իսկ հրում վարժությունում չորրորդն էր։ Երկամարտում նա 8 կգ զիջեց չեմպիոնի տիտղոսը նվաճած թուրք Ալեյնա Կայմազին։
Մ23 մրցաշարում բրոնզե մեդալակիր է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Լուիզա Սահրադյանը (87 կգ), որի երկամարտի արդյունքն է 175 կգ (85+90)։ Նա երրորդն է եղել ինչպես պոկում, այնպես էլ հրում վարժությունում։
Հայաստանի թիմը երկամարտում մեդալների թիվը հասցրեց 13-ի: Ավելի վաղ չեմպիոն էին հռչակվել Գոռ Սահակյանը (67 կգ, Մ20), Միլենա Խաչատրյանը (76 կգ, Մ20), Լիանա Գյուրջյանը (81 կգ, Մ20), Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20), Գարիկ Կարապետյանը (96 կգ, Մ20) և Արա Աղանյանը (96 կգ, Մ23), փոխչեմպիոն էին դարձել Էմմա Պողոսյանը (81 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ, Մ20), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ, Մ20), Մնացական Աբրահամյանը (81 կգ, Մ20) և Մերի Թումասյանը (87 կգ, Մ20) արժանացել էին բրոնզե մեդալի:
Հոկտեմբերի 24-ին մրցահարթակ դուրս կգա Հայաստանի նախավերջին ներկայացուցիչ Յաշա Մինասյանը (109 կգ, Մ23)։
Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վարազդատ Լալայան (+109 կգ, Մ23) չեմպիոնական տիտղոսի համար կպայքարի հոկտեմբերի 25-ին։
Հայաստանը Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությանը մասնակցում է 23 ծանրորդով։